Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԷՐԵԲՈՒՆԻՆ» ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԾՆՎԵԼ

Սպորտ


Հայաստանի ֆուտբոլային ակումբների թիվը 2009թ. ընթացքում կարող է ավելանալ: Ներկայումս մի շարք ֆուտբոլային թիմեր փորձում են վերադառնալ մեծ ֆուտբոլ: Մասնավորապես Էրեբունի համայնքի «Էրեբունի» թիմը արդեն մի քանի շաբաթ է աշխատում է այդ ուղղությամբ:


Ներկայումս Հայաստանում գործում են ընդամենը 8 պրոֆեսիոնալ ակումբներ: Հայկական մի քանի տասնյակ ակումբներ տարիների ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել են իրենց գործունեությունը, ինչի արդյունքում ակումբների քանակը հասել է նվազագույնի:


«Էրեբունի» թիմի վերադարձի հավանականությունը մեծ է, քանի որ համայնքում գործում է ֆուտբոլային մարզադպրոց, ինչը պարտադիր պայման է ակումբների համար: ՀՖՖ-ն վերջին տարիներին արտոնագիր չի տալիս այն ակումբներին, որոնք չունեն սեփական մարզադպրոց:


Էրեբունու մարզադպրոցի ղեկավարը «Արարատի» եւ Հայաստանի հավաքականի մարզիչ Վարուժան Սուքիասյանն է: Փորձառու մարզիչը «Ա1+»-ին հայտնեց, որ ներկայումս թիմի վերադարձի հարցը մշուշոտ է. «Մոտ ապագայում հայտնի կդառնա, թե արդյոք «Էրեբունին» կմասնակցի հաջորդ առաջնությանը, թե` ոչ: Առայժմ հարցը քննարկման փուլում է»:


«Էրեբունին» 1990-ականներին մասնակցում էր Հայաստանի առաջնություններին եւ պայքարում էր բարձր հորիզոնականների համար:


Ի դեպ, օրերս Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը այցելել է ՀՖՖ շտաբ բնարական եւ հանդիպել ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Հանդիպում նպատակը եղել է հենց ֆուտբոլային ակումբի վերականգնումը:


Տեղեկություններ կան, որ կարող են վերականգնվել եւս 1-2 թիմեր: Հավանական է համարվում Վանաձորի «Լոռի» վերադարձ: Այս թիմը մեծ պատմություն ունի, սակայն վերջին տարիներին դադարեցրել է իր գործունեությունը: Չի բացառվում, որ ֆուտբոլային թիմ ունենա նաեւ Հրազդան քաղաքը: Ներկայումս Հրազդանը ունի ֆուտզալի թիմ, որը մասնակցում է Հայաստանի առաջնությանը:


ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացրին, որ առայժմ ֆեդերացիան որեւէ նոր ակումբից դիմում չի ստացել: Սակայն ակումբները դեռ ժամանակ ունեն հաջորդ մրցաշրջանում ելույթ ունենալու հայտ ներկայացնելու համար: