«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀՐԱԺԱՐՎԵԼ Է 3 ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՑ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հրաժարվել է իր կազմում ընդգրկված 3 ֆուտբոլիստների ծառայություններից: Ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ հարձակվողներ Տիգրան Ղարաբաղցյանի, Վարդան Պետրոսյանի եւ կիսապաշտպան Մխիթար Գրիգորյանի հետ պայմանագրերը չեն երկարաձգվելու:
Այս ֆուտբոլիստների համար մրցաշրջանը բավական անհաջող դասավորվեց: Մասնավորապես Վարդան Պետրոսյանը եւ Տիգրան Ղարաբաղցյանը չկարողացան արդյունավետ խաղ ցուցադրել: Տիգրան Ղարաբաղցյանը տարեսկզբին «Փյունիկից» հեռացել էր եւ մի քանի ամիս հանդես եկավ Վառնայի «Չեռնո Մորե» թիմում: Ամռանը Տիգրանը վերադարձավ «Փյունիկ» եւ իր նորամուտը 2008թ. առաջնությունում նշանավորեց «Արարատի» դարպասը խփած գոլով, որը թույլ տվեց չեմպիոն հաղթել սկզբունքային մրցավեճում: Բայց այս մրցավեճից հետո Ղարաբաղցյանը հազվադեպ էր դուրս գալիս խաղադաշտ եւ այդպես էլ չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում:
Տիգրան Ղարաբաղցյանը տեղեկացրեց, որ ներկայումս նոր թիմ է փնտրում եւ մտադիր է կրկին հանդես գալ արտասահմանում: Բարձրահասակ հարձակվողը նախկինում հանդես է եկել նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականում:
Վարդան Պետրոսյանի մասին առայժմ տեղեկություններ չկան: Այս ֆուտբոլիստը հանդիսանում է «Փյունիկի» սան: Ընթացիկ մրցաշրջանի սկզբում հանդես էր գալիս հիմնական կազմում, սակայն հետագայում սկսեց դուրս գալ միայն փոխարինման:
Ինչ վերաբերվում է Մխիթար Գրիգորյանին, ապա հավանական է, որ նա հանդես գա Գյումրիի «Շիրակում»: