ԲՈԼՈՐԸ ՖՈՒՏԲՈԼ ԷԻՆ ԽԱՂՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի «Փյունիկի» հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը անցնող մրցաշրջանում լավագույններից մեկն էր ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի կազմում: 20-ամյա ֆուտբոլիստը պատահականորեն չի հայտնվել ֆուտբոլում: Եդիգարյանների ընտանիքում ֆուտբոլ խաղալն ավանդական է:
«Պապիկս` Ֆելիքս Վերանյանը, հայրս Գեղամ Եդիգարյանը, մորեղբայրս` Էդուարդ Վերանյանը, ժամանակին մեծ ֆուտբոլ են խաղացել: Ներկայումս մորեղբորս որդին` Խորեն Վերանյանը հանդես է գալիս «Միկայում», իսկ կրտեսեր եղբայրս` Արտակը ինձ հետ միասին ելույթ է ունենում «Փյունիկում»», - նշեց Արթուր Եդիգարյանը:
Ֆուտբոլով Արթուրը սկսել է զբաղվել 6 տարեկանից: Առաջին քայլերը մարզաձեւում կատարել է Հովիկ Ղազանչյանի մոտ. «Ավելի հասուն տարիքում ինձ մեծ ֆուտբոլի ճանապարհը ցույց է տվել Արմեն Գյուլբուդաղյանցը: Շատ բան եմ սովորել նաեւ «Փյունիկի» ներկայիս մարզիչ Վարդան Մինասյանից: Շնորհակալ եմ բոլոր մարզիչներիցս, ովքեր ինձ սովորեցրել են, թե ինչ է ֆուտբոլ է, ինչ է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինելը»:
Եդիգարյանը միանգամից չի հայտնվել «Փյունիկի» կազմում:
Արթուրի կարծիքով` բեկնումային է եղել 2005թ. «Կիլիկիայի» հետ մրցավեճը. «Այս խաղում ես դուրս եկա փոխարինման եւ լավ խաղ ցուցադրեցի, որից հետո հրավեր ստացա երիտասարդական հավաքականից: Այդ հանդիպումը մեծ վստահություն հաղորդեց ինձ»:
Հայաստանի հավաքականի պաշտոնական հանդիպումներում վերջերս իր նորամուտը նշած խաղացողը ժամանակ առ ժամանակ նաեւ գոլեր է խփում.«Ամենաահիշարժան գոլս «Արարատի» դարպասը խփած գոլս է, որը առաջինն էր ինձ համար «Փյունիկի» գլխավոր թիմում»:
Իսկ ամենահիշարժան հանդիպում Եդիգարյանի համար մի քանի ամսվա վաղեմության խաղն է. «Օգոստոսին Երեւանում Թուրքիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակը անմոռանալի կլինի ինձ համար»:
Արթուր Եդիգարյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում խաղադաշտի կենտրոնում եւ աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ:
«Փյունիկի» կիսապաշտպանը իր խաղը որոշակիորեն նմանեցնում է Իտալիայի հավաքականի եւ «Միլանի» կիսապաշտպան Ջենարո Գատուզոյի խաղի հետ. «Իմ եւ Գատուզոյի մեջ ինչ-որ նմանություններ կան: Խոսքը վերաբերվում է խաղադաշտում կատարած աշխատանքին, իսկ ընդհանրապես ներկայիս ֆուտբոլիստներից ինձ դուր են գալիս արգենտինացի Լիոնել Մեսին եւ անգլիացի Սթիվեն Ջերարդը, որոնք առաջին մեծության աստղեր են եւ գրեթե միշտ հիացնում են իրենց խաղով»: