Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԴԱԼՆԵՐ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ, ՊԵԿԻՆՈՒՄ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Սպորտ

Տարվա ամփոփում


Հայաստանը բռնցքամարտում վերջապես ունեցավ բարձր արդյունքներ: 2008թ. ընթացքում հայ բռնցքամարտիկները մեդալով վերադարձան բոլոր խոշոր մրցաշարերից: Հայաստանը ունեցավ 3 ոսկե, 1-ական արծաթե եւ բրոնզե մեդալներ: Վաղուց Հայաստանի բռնցքամարտի հավաքականը տարին չէր փակել նման հարուստ ավարով:

32 տարի անց


Հաջողությունների շարքում առաջին տեղում է Հրաչյա Ջավախյանի (60 կգ) նվաճած բրոնզե մեդալը «Օլիմպիադա-2008»-ում: Անկախացած Հայաստանի պատմության ընթացքում սա առաջին մեդալն էր բռնցքամարտում, իսկ ԽՍՀՄ-ի օրոք Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի էր արժանացել Դավիթ Թորոսյանը 1976 թ-ին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տարվա լավագույն բռնցքամարտիկ անվանակարգ չունի, սակայն ֆեդերացիայում նշեցին, որ եթե որոշվեր լավագույնը, ապա դա կլիներ հենց Ջավախյանը:

Ավանդույթը խախտվեց


Հայաստանի հավաքականի հիանալի ելույթ ունեցավ Լիվերպուլում կայացած Եվրոպայի առաջնությունում: 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը եւ 64 կգ Էդուարդ Հովհաննիսյանը ոսկե մեդալներ նվաճեցին, իսկ 91 կգ քաշային Ցոլակ Հակոբյանը Հայաստան վերադարձավ արծաթե մեդալով: Սա Հայաստանի լավագույն արդյունքն էր Եվրոպայի առաջնություններում: Վերջին անգամ հայ բռնցքամարտիկները «հին աշխարհամասի» առաջնություններում ոսկե մեդալի էին արժանացել 1991թ.: Երկար տարիներ Հայաստանի ներկայացուցիչներին ոչ մի կերպ չէր հաջողվում նվաճել, ոսկի սակայն ավանդույթը խախտվեց: Ունեցանք միանգամից 2 ոսկե մեդալ: Իհարկե, դրան նպաստեց նաեւ այն, որ Ռուսաստանի հավաքականը հիմնական կազմով չէր ժամանել Անգլիա:

Աշխարհի գավաթն Անդրանիկին


Տարվա վերջին մեդալը նվաճեց 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը` հաղթելով Մոսկվայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում: Անդրանիկը առավելության հասավ մի շարք ուժեղ մարզիկների նկատմամբ, որոնց պարտվել էր նախորդ տարի կայացած աշխարհի առաջնությունում եւ «Օլիմպիադա-2008»-ում: Հակոբյանը ապացուցեց, որ կարող է լավ արդյունքի հասնել եւ հաջորդ տարի համարվելու է աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը:

Նոր նախագահ


Հայկական բռնցքամարտի համար տարին նշանավորվեց նաեւ ֆեդերացիայի ղեկավարի ընտրություններով: Շուրջ 11 տարի ղեկավարելով ֆեդերացիան` Հայկ Հարությունյանը որոշեց հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Նախկին ոստիկանապետը չդրեց իր թեկնածությունը դեկտեմբերին կայացած ընտրություններում: Նոր նախագահ ընտրվեց ԲԱՄՕ ընկերության բաժնետերերից Արման Մուրադյանը, որը անմիջապես խոստացավ սեփական միջոցներից բռնցքամարտին տարեկան 1 մլն դոլար նվիրաբերել: