ՆԱԽԿԻՆՈՒՄ ՆՐԱՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի Մարզահամերգային համալիրը դեկտեմբերի 27-28-ին կհյուրընկալի համաշխարհային մեծ ճանաչում ունեցող մի շարք գեղասահորդների: Կարեն Դեմիրճյանի անվան համալիրի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ Եվգենի Պլյուշչենկոյի եւ Էդվին Մարտոնի «Ստրադիվարիուսի ոսկե սառույց» շոուի ընթացքում ելույթ ունենան վերջին տարիներին միջազգային ասպարեզներում լուրջ հաջողություններ ունեցած մարզիկներ:
Ներկայացման մասնակիցների ամենահայտնին անշուշտ Եվգենի Պլյուշչենկոն է, որը համարվում է 21-րդ դարի լավագույն գեղասահորդ: Ռուս մարզիկը օլիմպիական խաղերի չեմպիոն է, իսկ աշխարհի առաջնություններում հաղթել է 3 անգամ: 5 անգամ էլ Եվգենին լավագույնն է ճանաչվել Եվրոպայում: 26-ամյա մարզիկը ներկայումս մարզվում է ոչ ողջ ծանրաբեռնվածությամբ, քանի որ վնասվածք ունի: Պլյուշչենկոն վերջին շրջանում հանդիսատեսի ուշադրությանն է ներկայանում շոու ծրագրերով: Կոնկրետ «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը» արդեն ներկայացվել է 35 քաղաքներում:
Շոուն բաղկացած կլինի 2 մասից: Առաջինում Պլյուշչենկոյից բացի հանդես կգան նաեւ Սուրիա Բոնալին, Նաոմի Լանգ-Պյոտր Չեռնիշով զույգը, Ռուսլան Գոնչարովը, Վիկտոր Պետրենկոն եւ այլոք:
Սուրիա Բոնալին Ֆրանսիայի ամենահայտնի գեղասահորդուհիներից մեկն է: 1988-1996թթ. Բոնալին Ֆրանսիայում թիվ 1-ն էր, իսկ վերջին տարիներին 35-ամյա սեւամորթ մարզուհին հանդես է գալիս տարբեր շոու ծրագրերով: Բոնալին 5 անգամ հաղթել է Եվրոպայի առաջնություններում, իսկ աշխարհի առաջնությունում 3 անգամ դարձել է արծաթե մեդալակիր:
Ավելի հայտնի անուն է գեղասահքում ուկրաինացի Վիկտոր Պետրենկոն: 39-ամյա մարզիկը իր կարիերայի լավագույն արդյունքը գրանցել է 1992թ. ձմեռային օլիմպիական խաղերում, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Նման հաջողության Պետրենկոն հասել է նաեւ Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, իսկ վերջին 10 տարիների ընթացքում հանդես է գալիս շոուներում:
Երեւանում կլինի նաեի իտալուհի Սիլվիա Ֆոնտանան, որը Իտալիայի լավագույն գեղասահորդուհիներից մեկն է: 32-ամյա մարզուհին 3 անգամ հաղթել է իտալիայի առաջնություններում:
2006թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռուսլան Գոնչարովը Մարզահամերգային համալիրի սահադաշտ դուրս կգա Անաստասիա Գորշկովայի հետ: Գոնչարովը հայտնի է Ելենա Գրուշինայի հետ արձանագրած հաջողություններում: Իսկ ահա շոու ծրագրերում 35-ամյա ուկրաինացին ելույթ է ունենում Գորշկովայի հետ, որը եւս հայտնի անուն է գեղասահքում:
Բավական հայտնի է Յուլյա Օբերտաս-Սերգեյ Սլավնով զույգը: Ռուսաստանի առաջնություններում այս մարզիկները վերջին տարիներին մի շարք մեդալների են արժանացել, իսկ 2005թ. Եվրոպայի առաջնությունում դարձել արծաթե մեդալակիր:
Սահադաշտում կլինեն մի շարք այլ հայտնի գեղասահորդներ եւ պարային զույգեր: Իսկ Հայաստանի ներկայացուցիներից ելույթ կունենան Հակոբ Մանուկյանը եւ Արմեն Սահակյանը: Հայկական այս զույգը կներկայացնի ակրոբատիկ հումորային ծրագիր:
Ինչ վերաբերվում է Ստրադիվարիուսին, ապա նրա հայտնի ջութակով հանդես կգա հունգարացի հայտնի ջութակահար Էդվին Մարտոնը: