Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԳՐԱՆՑՎԵՑ

Սպորտ


Վլադիմիր Հակոբյանը չկարողացավ առավելության հասնել ՖԻԴԵ-ի «Գրան-պրի» մրցաշարի առաջատարներից մեկի` Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Շախմատային մրցաշարի 9-րդ տուրում Հակոբյանը, հանդես գալով սպիտակներով, կես միավոր վաստակեց եւ շարունակում է ընթանալ ցածր հորիզոնականներում:

Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկը ծնունդով երեւանցի է: Վերջինս հայ շախմատիստների հետ վերջին շրջանում բավական անհաջող է հանդես գալիս: Այս անգամ էլ Գրիշչուկին ծանր փորձություն էր սպասվում անհամեմատ փորձառու Վլադիմիր Հակոբյանի հետ մրցամարտում: Պարտիան ընթացավ հայ շախմատիստի առավելությամբ, որը լինելով մրցաշարի ետնապահը` ստիպված էր ռիսկի դիմել եւ փորձել առաջին հաղթանակը տոնել «Գրան-պրիում»: Բայց անակնկալ չգրանցվեց: 39-րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի:

Այս ոչ-ոքիից հետո Գրիշչուկը այլեւս միանձնյա առաջատար չէ: Ռուս գրոսմայստերին հավասարվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Վուգար Ղաշիմովը, որն այսօր սպիտակներով պարտության մատնեց իր հայրենակից Շաքիրյար Մամեդյարովին: Իսկ Վլադիմիր Հակոբյանը այժմ միայնակ չի եզրափակում մրցաշարային աղյուսակը: Հակոբյանը արդեն հավասարվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովին, որը այսօր սեւերով զիջեց Ռուսաստանի հավաքականի խաղացող Դմիտրի Յակովենկոյին: