Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱՆ ԵՎ «ՌԵԱԼԻ» ՍԱՆԵՐԸ` «ՄԻԿԱՅՈՒՄ»

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արա Հակոբյանը այսօր պայմանագիր է կնքել Երեւանի «Միկայի» հետ: Վերջին 2 տարիների ընթացքում Հակոբյանը հանդես էր գալիս արտասահմանյան թիմերում: Ընդհանրապես «Միկա» ակումբում փոփոխությունները բավական շատ են, սակայն ակումբը առայժմ պաշտոնական հայտարարություններ չի անում: «Միկայում» միայն նշեցին, որ պաշտոնապես ակումբում առկա նորությունների մասին կխոսեն 2009թ. հունվարին:

«Ա1+»-ին ակումբին մոտ կանգնած աղբյուրից հաջողվեց պարզել, որ «Միկան», այնուամենայնիվ, արդեն ընդհանուր հայտարարի է եկել խորվաթ մասնագետ Իվո Շուշակի հետ, որը վերջին շրջանում փորձաշրջան էր անցնում թիմում: Շուշակը հաջորդ մրցաշրջանում կաշխատի «Միկայում»: Հիշեցնենք, որ Շուշակը նախկինում գլխավորել է Վրաստանի ազգային եւ Խորվաթիայի երիտասարդական հավաքականները, աշխատել մի շարք ճանաչված թիմերում:

«Միկայում» ելույթ կունենան նաեւ Մադրիդի «Ռեալի» 2 սաներ` Պեդրո Լոպեսը եւ Ուլի Մոնտենեգրոն: 25-ամյա այս խաղացողները «Ռեալի» մարզադպրոցը ավարտելուց հետո ելույթ են ունեցել մի շարք իսպանական թիմերում, սակայն ոչ «Ռեալի» կամ «Ատլետիկոյի» պես հայտնի ակումբներում: Կոնկրետ Պեդրո Լոպեսը հանդիսանում է «Վալյադոլիդի» խաղացող: Ելույթ է ունեցել նաեւ «Ռասինգում», ինչպես նաեւ «Վալենսիայի» փոխարինողների կազմում:

«Միկայի» հետ ավելի վաղ պայմանագիր էր կնքել նաեւ Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Աղվան Մկրտչյանը: Առաջիկայում «Միկան» պատրաստվում է փորձարկել մի շարք այլ ֆուտբոլիստների, որոնք հիմնականում կլինեն արտասահմանից: