ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» 36-ամյա ավագ Սարգիս Հովսեփյանը դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ ամենատարեց լավագույն ֆուտբոլիստը: ՀՖՖ մամուլի քարտուղարության կողմից անցկացված քվեարկության արդյունքում փորձառու խաղացողը ճանաչվեց 2008թ. լավագույն խաղացող:
Այդ մասին հայտնի դարձավ այսօր ՀՖՖ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցած 2008թ. մրցանակաբաշխության ժամանակ: Սարգիս Հոսեփյանը նաեւ ստացավ ավտոմեքենա, որի բանալիները խաղացողին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Վերջինս նշեց, որ ավտոմեքենա Սարգիսին նվիրում է ազգային հավաքականում 100 խաղի սահմանագիծը առաջինն անցնելու համար:
Քվեարկության արդյունքում լավագույն եռյակում էին հայտնվել նաեւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ «Արարատի» պաշտպան Վահագն Մինասյանը:
Մրցանակաբաշխության ընթացքում պարգեւատրվեցին Հայաստանի առաջնության մեդալակիրները: 8-րդ անգամ անընդմեջ ոսկե մեդալները բաժին հասան «Փյունիկին»: Արծաթե մեդալներ ստացավ «Արարատը», որի մրցանակաբաշխությանը ներկայացել էր առանց ղեկավարների եւ մարզչական շտաբի: Առաջին անգամ իր պատմության մեջ բրոնզե մեդալների արժանացավ Կապանի «Գանձասարը»:
Լավագույն ռմբարկուի կոչմանը 2-րդ տարին անընդմեջ արժանացավ «Արարատի» բրազիլացի լեգեոներ Մարկոսը: Լավագույն մրցավար ճանաչվեց Արարատ Ճաղարյանը, որը նման պատվի է արժանանում 2-րդ տարին անընդմեջ:
Սահմանվել էին նաեւ մի շարք այլ մրցանակներ: Մասնավորապես Զարգացման Հայկական բանկը 100 հազար դրամով պարգեւատրեց անցնող մրցաշրջանում լավագույն առաջընթաց ունեցող խաղացողին: Ըստ բանկի ներկայացուցիչների` դա Հենրիխ Մխիթարյանն էր: Իսկ լավագույն երիտասարդ խաղացող նոմինացիայում «Պրոֆֆուտբոլը» հաղթող էր ճանաչվել «Փյունիկի» հարձակվող Ալբերտ Թադեւոսյանին, որը ստացավ ոսկեփայլ գավաթ:
Արարողության վերջում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կոչ արեց ֆուտբոլային հասարակության անդամներին լինել միասնական, իսկ ակումբներին ցանկացավ հաջողություն հաջորդ տարի կայանալիք Եվրագավաթների խաղարկություններում. «Եթե յուրաքանչյուր ակումբ կարողանա հաղթահարել որակավորման մեկ փուլի արգելք, ապա մեծապես կուրախացնի հայ ֆուտբոլասերներին»:
Լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները.
1. Սարգիս Հովսեփյան (Փյունիկ) --------------162
2. Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ) -------------161
3. Վահագն Մինասյան (Արարատ) ------------112
4. Մարկոս (Արարատ) -------------------------- 71
5. Արթուր Եդիգարյան (Փյունիկ)-------------- 47
6. Հրայր Մկոյան (Արարատ) ------------------ 19
7. Ռենատո (Արարատ) ------------------------- 11
8. Ալեքսանդր Պետրոսյան (Գանձասար)---- 7
9. Գեւորգ Ղազարյան (Փյունիկ) -------------- 6
10. Արսեն Բալաբեկյան (Բանանց) ---------- 4
11. Ջեֆերսոն (Արարատ) ----------------------3
12. Կարեն Դոխոյան (Փյունիկ)---------------- 3
13. Գեւորգ Կասպարով (Ուլիս) ------------- -2
14. Բենիամին Մանուչարյան (Գանձասար)- 1
15. Ալբերտ Թադեւոսյան (Փյունիկ) ---------- 1
16. Կոնստանտին Բիրսան (Գանձասար)---- 1
17. Գրիգոր Մելիքսեթյան (Փյունիկ) ---------- 1