Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՋՈՂ ՏԱՐԻ

Սպորտ


2008թ. թվականը հայկական ֆուտբոլի համար հաջող համարել հնարավոր չէ: Գրանցված արդյունքները առավել քան անհաջող էին: Հայկական ֆուտբոլի (այդ թվում նաեւ ֆուտզալի) հովանու ներքո գտնվող թիմերը եւ հավաքականները 2008թ. անցկացրել են 50 միջազգային հանդիպում, որոնցից 35-ում զիջել են մրցակիցներին, ընդամենը 7 հաղթանակ տոնել եւ 8 հանդիպում ավարտել ոչ-ոքի:

Հավաքականներ

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական հանդիպումներում միավոր չվաստակեց: Դրական արդյունքներ գրանցվեցին միայն ընկերական եւ ստուգողական հանդիպումներում, որոնցից 3-ում հայ ֆուտբոլիստները հաղթանակներ տոնեցին: Պաշտոնական հանդիպումներում մեր հավաքականը ձախողվեց: 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացրած 4 հանդիպումներում էլ Հայաստանը պարտվեց գնդակների 1:12 տարբերությամբ: Տարվա գլխավոր իրադարձությունը Թուրքիայի հետ երեւանյան մրցավեճն էր, որը անցավ բավական լարված մթնոլորտում, ինչը էապես նպաստ Հայաստանի անհաջող խաղին: Յան Պոուլսենի թիմը զիջեց 0:2 հաշվով` խորը հիասթափության մեջ գցելով հայ ֆուտբոլասերներին:

Երիտասարդական հավաքականը այս տարի 2 պաշտոնական հանդիպում անցկացրեց: 2 դեպքում էլ մեր երիտասարդները մրցեցին Թուրքիայի հավաքականի հետ: Առաջին հանդիպումը կայացավ Երեւանում, երբ Վարուժան Սուքիասյանի սաները դրամատիկ պայքարում հաղթեցին 2:1 հաշվով: Սկզբունքային մրցավեճում տոնած հաղթանակը մեծ ուրախություն պարգեւեց ոչ միայն ֆուտբոլային հասարակությանը, այլեւս ոչ հայ ազգին: Պատասխան մրցավեճում Հայաստանի երիտասարդական հավաքականը չկարողացավ ցույց տալ իր ողջ կարողությունները: Ստամբուլում կայացած խաղում մերոնք զիջեցին 0:4 հաշվով: Հայաստանի մինչեւ 19 եւ 17 տարեկանների հավաքականները եւս չփայլեցին: Հատկապես անհաջող հանդես եկան 19 տարեկանները: Հայաստանում մայիսին կայացած «էլիտ ռաունդում» եւ աշնանը կայացած ընտրական փուլում մեր պատանիները միայն պարտություններ կրեցին:

Չուրախացրեց նաեւ 17 տարեկանների հավաքականը, թեեւ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկը խոստումնալից էր Հայաստանի համար: Առաջին խաղում մրցելով Անգլիայի հետ հայ պատանիները հանդիպումը ավարտեցին 0:0 հաշվով: Հաջորդ 2 հանդիպումները մերոնք պարտություններ կրեցին:

Ակումբներ

Հայկական թիմերի համար տարին առավել քան անհաջող էր: Մինչդեռ 2007թ. մեր թիմերը բավական հաջող հանդես եկան միջազգային ասպարեզներում եւ թվում էր դրա շարունակությունը կտեսնեքն 2008թ.: Բայց ոչ մի հաղթանակ չունեցանք: Նման իրավիճակում պատահական չէ, որ մեր 4 թիմերը միասին ընդամենը 11 միջազգային հանդիպում են անցկացրել:

Չեմպիոնների լիգայում 7-րդ տարին անընդմեջ Հայաստանը ներկայացրեց «Փյունիկը»: Առաջին անգամ չեմպիոնը պայքարը թողեց` առանց մրցակցի դարպասը գրավելու: Մրցակիցը Կիպրոսի չեմպիոն «Անորտոսիսն» էր, որը հետագայում դարձավ հեղինակավոր մրցաշարի հայտնությունը:

ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունից իսկական ֆիասկո ապրեց «Բանանցը»: «Բանանցը» նոր հակառեկորդ սահմանեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ` 0:7 հաշվով Զալցբուրգում պարտվելով «Ռեդ Բուլին», որը հետագայում չկարողացավ նույնիսկ խմբային մրցաշար դուրս գալ:

«Բանանցի» անհաջողությունը ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում մեծապես ազդեցին թիմի հետագա ելույթների վրա Հայաստանի առաջնությունում: Նույն մրցաշարում «Արարատը» չկարողացավ հաղթահարել շվեյցարական «Բելինցոնայի» արգելքը` պարտվելով 2 հանդիպումներում:

Իսկ «Միկան» այս տարի հանդես եկավ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում` մրցելով մոլդովական «Տիրասպոլի» հետ: Թեեւ մրցակիցի կազմում ընդգրկված էին բացառապես երիտասարդ ֆուտբոլիստներ, սակայն Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ հանդես եկած հայկական թիմը չկարողացավ դուրս գալ հաջորդ փուլ:

«Միկային» համեմատաբար թույլ մրցակից էր բաժին հասել եւ թվում էր` Հայաստանի տիտղոսակիր թիմերից մեկը օգտվի այդ հնարավորությունից: Բայց երկրորդ փուլում հայտնվեցին մոլդովացիները, իսկ «Միկան» 2007թ. համեմատ ձախողեց եվրամրցաշրջանը:

Կանայք

Հաջող հանդես եկավ Հայաստանի կանանց ազգային ընտրանին: Մեր ֆուտբոլիստուհիները հաղթեցին Մակեդոնիայի միջազգային մրցաշարում, որտեղ հանդես եկան նաեւ Մակեդոնիայի, Մալթայի եւ Էստոնիայի հավաքականները:

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի մինչեւ 19 աղջիկների հավաքականը մի փոքր ավելի հաջող հանդես եկավ` այս անգամ պարտվելով ընդամենը 0:3 հաշիվներով: Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստուհիները նաեւ տպավորիչ ելույթ ունեցան` 3:3 հաշվով ավարտելով Թուրքիայի հետ մրցավեճը: Այս խաղում մեր աղջիկները մոտ էին հաջողությանը եւ միայն վերջին րոպեներին բաց թողեցին ձեռքից հաղթանակը:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ընտրական փուլում պարտվեց ոչ ֆուտբոլային հաշիվներով` անցկացրած 3 հանդիպումներում 31 գնդակ ընդունելով սեփական դարպասը: