Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԵՏ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի եւ Լատվիայի հավաքականները 2009թ. փետրվարի 11-ին ընկերական հանդիպում կանցկացնեն: Մինչ այս, 2 երկրների ազգային հավաքականները միմյանց հետ չեն հանդիպել: Հանդիպումը կկայանա Կիպրոսում:

Լատվիայի հավաքականը ներկայումս ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցբում է 82-րդ հորիզոնականը: 2007թ. մերձբալթյան այս հանրապետության ազգային թիմը գլխավորեց Մոսկվայի «Սպարտակի» նախկին մարզիչ Ալեքսանդր Ստարկովը:

Լատվիայի հավաքականում հիմնականում ելույթ են ունենում տեղի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Կան նաեւ լեգեոներներ, որոնցից ամենաճանաչվածը իսպանական «Սելտայում» ելույթ ունեցող Մարիս Վերպակովսկին է: Վերջինս 73 անգամ հագել է ազգային թիմի մարզաշապիկը եւ դարձել 23 գոլի հեղինակ:

Ի դեպ, նախորդ տարի Հայաստանի հավաքականը փետրվարի 2-6-ը մասնակցեց Մալթայի միջազգային մրցաշարին, որտեղ միանգամից 3 հանդիպում անցկացրեց, սակայն այս տարի Հայաստանի հավաքականը կբավարարվի միայն Լատվիայի հետ ստուգողական մրցավեճով:

Մարտի 28-ին հայ ֆուտբոլիստները Երեւանում 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մրցելու են Էստոնիայի հավաքականի հետ:

ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ


Դեկտեմբերի 20-ին ժամը 14:00-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի կունենա «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» ԻԱՄ թիվ 6 հերթական ժողովը, որին կհաջորդի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը:

Իսկ դեկտեմբերի 23-ին տեղի կունենա 2008թ. Հայաստանի առաջնության մրցանակակիրների մրցանակաբաշխությունը, որի ընթացքում էլ հայտնի կդառնա Հայաստանի այս տարվա լավագույն խաղացողի անունը: