ՆԱԶԱՐՅԱՆԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը Բուլղարիայի լավագույն ըմբիշի կոչումը զիջել է Պեկին-2008-ում արծաթե մեդալի արժանացած Ստանկա Զլատեւային: 2003-07թթ. հայ ըմբիշը ճանաչվում էր Բուլղարիայի լավագույն ըմբիշ:
Հայ ըմբիշը, որը 1996թ. Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն, իսկ 2000թ. 2-րդ ոսկին նվաճել արդեն Բուլղարիայի դրոշի ներքո, այս անգամ քվեարկության արդյունքում ճանաչվել է 5-րդը: Այդ մասին հաղորդում է բուլղարական «Ֆոկուս-Սպորտ» գործակալությունը` հղում կատարելով Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիային:
Արմեն Նազարյանը ծնվել է 1974թ. Մասիս քաղաքում: 1994, 1995, 1998, 1999, 2002, 2003թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2008թ.` փոխչեմպիոն: Աշխարհի առաջնություններում Նազարյանը չեմպիոնի կոչումը նվաճել է 2002, 2003, 2005թթ եւ մի քանի անգամ արժանացել արծաթե եւ բրոնզե մեդալների: 1998 եւ 2003թթ. արժանացել է «Նիկոլա Պետրովի» անվան ոսկե գոտուն, իսկ 1998թ եւ 2003թ. ՖԻԼԱ-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ:
ՄԱԼՈՅԱՆԸ ՄԱՐԶՎՈՒՄ Է ԼՈՆԴՈՆՈՒՄ
Մոսկվայի «Սպարտակի» հայ ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը այս օրերին գտնվում է Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում, որտեղ ռուսական ակումբի կազմում նախապատրաստվում է «Տոտենհեմի» դեմ կայանալիք մրցավեճին: Մոսկովյան թիմը հանգրվանել է Լոնդոնի «Չելսիի» մարզաբազայում եւ օրերս ընկերական հանդիպում է անցկացրել «Չելսիի» 2-րդ կազմի դեմ: Մալոյանը փոխարինման է դուրս եկել 41-րդ րոպեին, իսկ «Սպարտակը» հաղթել է 2:0 հաշվով:
«Պայմանները Լոնդոնում տպավորիչ են: Ռուսաստանում նման մարզաբազաներ չկան: Ճաշարանում տեսել եմ Տերիին, Կարվալյուին, Քոուլին: Նրանց սեղանին չենք մոտեցել», - պատմել է Արթուր Մալոյանը «Սովետսկի Սպորտի» թղթակցին:
ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի «Տոտենհեմ»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա վաղը Լոնդոնում: Այս մրցավեճում Մալոյանի թիմին անհրաժեշտ է հաղթել եւ հուսալ, որ զուգահեռաբար ընթացող ՆԵԿ-«Ուդինեզե» մրցավեճում տանտերերը միավորներ կկորցնեն: Իրադարձությունների նման զարգացման դեպքում «Սպարտակը» դուրս կգա ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ: