ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԵՑ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր իր առաջին պարտությունը կրեց Չինաստանի Նանցզին քաղաքում ընթացող սուպերմրցաշարում: Արոնյանը սեւերով զիջեց բուլղարացի Վեսելին Տոպալովին:
6-րդ տուրի այս մրցավեճով սկսվեց մրցաշարի 2-րդ շրջանը: Մինչ այս տուրը Արոնյանը եւ Տոպալովը վաստակել էին 3-ական միավոր եւ ընթանում էին առաջատարների թվում: Առաջատարների միջեւ մրցամարտը անցավ Բուլղարիայի ներկայացուցչի առավելությամբ:
Տոպալովը նաեւ ժամանակի առավելություն ուներ, եւ 72-րդ քայլին Արոնյանը հանձնվեց` կրելով իր առաջին պարտությունը մրցաշարում:
Չինացի Բու Հիանցզին սպիտակներով ոչ-ոքի ավարտեց Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանի հետ մրցամարտը: Իսկ Պյոտր Սվիդլերը, որը մինչ այս եզրափակում էր մրցաշարային աղյուսակը իր առաջին հաղթանակը տոնեց` պարտության մատնելով ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Վեսելին Տոպալովը, որին 3.5 միավորով հաջորդում է Բու Հիանցզին: Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը 3-ական միավորով բաժանում են 3-4-րդ հորիզոնականները: