«ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները արդեն մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստացել: Երեկ այս մասին հայտնել էր թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, իսկ այսօր տեղեկությունը հաստատեց «Արարատի» գործադիր տնօրեն Կարո Թոփուզյանը:
«Ֆուտբոլիստները կստանան իրենց աշխատավարձը: Նրանք մոտ 2 ամիս է` չեն ստացել աշխատավարձ, սակայն շատ շուտով խնդիրը կկարգավորվի», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կարո Թոփուզյանը:
«Արարատը» 2008թ. Հայաստանի առաջնությունում գրավել էր 2-րդ հորիզոնականը եւ նվաճել արծաթե մեդալներ, սակայն այս արդյունքի համար ակումբի ղեկավարները խաղացողներին պարգեւատրել չեն պատրաստվում. «Մրցաշրջանի սկզբից ասվել էր, որ թիմի յուրաքանչյուր անդամ խոշոր պարգեւատրում կստանա, եթե նվաճեն չեմպիոնի կոչումը, սակայն փոխչեմպիոն դառնալու համար պարգեւատրում նախատեսված չէր»:
Ըստ Կարո Թոփուզյանի «Արարատի» խաղացողները առաջնությունում յուրաքանչյուր հաղթանակի համար արդեն իսկ բարձր պարգեւատրություններ են ստանում.
«Մեզ մոտ նվազագույն պարգեւատրումը մեկ հաղթանակի համար 400 ԱՄՆ դոլար է: Դա նախատեսված է այն հանդիպումների համար, երբ թիմը հանդիպում է ետնապահին: Իսկ երբ մրցակիցները ավելի բարձր հորիզոնականներում գտնվող թիմերն են, պարգեւատրումների չափը աճում է մինչեւ 900 ԱՄՆ դոլարի»:
Այն հարցին, թե արդյոք ֆուտբոլիստները ստացել են վերջին ամիսների պարգեւավճարները, «Արարատի» գործադիր տնօրենն ասաց. «Ֆուտբոլիստները ստացել են, իսկ մարզչական շտաբը` ոչ: Բայց շուտով մարզիչներն էլ կստանան իրենց պարգեւատրումները: «Արարատ» ակումբը ոչ մեկին պարտք չի մնա»: