Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Սպորտ


«Յուրաքանչյուր խաղացողի համար էլ մեծ պատիվ է լավագույնը ճանաչվելը, սակայն, եթե լավագույնը ես չլինեմ, ամենեւին էլ չեմ հուսահատվի», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 2008թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներից մեկը` Վահագն Մինասյանը:


Շուտով հայտնի կդառնա Հայաստանի 2008թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստի անունը: ՀՖՖ մամուլի քարտուղարության կողմից անցկացվող հարցմանը մասնակցում են լրագրողները, ակումբների ղեկավարները, մրցավարները եւ տեսուչները: Հավակնորդների թվում են «Փյունիկի» եւ «Արարատի» առաջատար խաղացողները: «Արարատից» առավել հավանական է համարվում Վահագն Մինասյանի թեկնածությունը:


«Քվեարկությունը, կարծում եմ, անկանխատեսելի է եւ նշել, թե ով կդառնա լավագույնը շատ բարդ է: Ինչպիսի արդյունքներ էլ գրանցվեն քվեարկության արդյունքում, ես հաջորդ տարի շարունակելու եմ նույն ոգով: Ինձ համար կարեւորը թիմային հաջողույթուններն են», - նշեց Մինասյանը:


Հայաստանի հավաքականի խաղացողը գտնում է, որ անցնող մրցաշրջանը հաջող էր իր համար. «Որոշակի հաջողությունների հասա «Արարատի» կազմում: Նվաճեցինք Հայաստանի գավաթը, ինչը առաջինն էր իմ կարիերայում: Մոտ էինք նաեւ չեմպիոնությանը, բայց ի վերջո արծաթե մեդալների արժանացանք: Մինչ այս որեւէ մեդալի կամ գավաթի չէի արժանացել»:


Անդրադառնալով Հայաստանի հավաքականին` Վահագն Մինասյանը ընդգծեց, որ պաշտոնական խաղերում ագզային թիմը չարդարացրեց սպասելիքները.«Ընկերական հանդիպումներում հաջող ելույթներ ունեցանք, բայց պաշտոնական խաղերում նույնը կրկնկել չհաջողվեց: Բայց դա չի նշանակում, որ ընտրական փուլում այդպես էլ շարունակվելու: Թող ոչ մի մրցակից չկարծի, թե Երեւանում հեշտությամբ միավոր է վաստակելու»:


Վահագնի կարծիքով` հաջորդ տարի հավաքականը կարող է միավորներ վաստակել 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում.«2009թ. ընթացքում շատ բան կարելի է փոխել: Մենք միանգամից 4 հանդիպում անցկացնելու ենք սեփական հարկի տակ եւ այդ հանդիպումներում կարող ենք միավորներ վաստակել եւ դուրս գալ վերջին հորիզոնականից»: