«ԱՐԴՅՈՒՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՈՆՖԼԻԿՏ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խիստ վրդովված է ակումբի ղեկավարների պահվածքից: Փորձառու մասնագետը «Ա1+»-ին հայտնեց, որ դեկտեմբերին սկզբերին հրաժարական է տվել թիմում ստեղծված անառողջ մթնոլորտի պատճառով:
«Անմարդկային վերաբերմունքի արժանացավ թիմը ղեկավարների կողմից: Մինչ այսօր «Արարատի» խաղացողները չեն ստացել մրցաշրջանի պարգեւատրումները եւ վերջին 3 ամիսների աշխատավարձները», - ասաց Վարուժան Սուքիասյանը:
Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» 2008թ. դարձել էր Հայաստանի գավաթակիր, իսկ առաջնությունում արժանացել փոխչեմպիոնի կոչմանը: Չնայած բարձր արդյունքներին` ըստ Սուքիասյանի «Արարատի» ղեկավարները ոչ մի վերաբերմունք չեն ցուցաբերել. «Առաջնության ոսկե հանդիպումից հետո այնպիսի տպավորություն էր, որ «Արարատը» ոչ թե փոխչեմպիոն է դարձել, այլ դուրս է մնացել բարձրագույն խմբից: Ոչ մի վերաբերմունք չցուցաբերեցին: Մինչդեռ մենք տղաներին մի քանի ամիս է համոզելով, քաջալերելով դուրս ենք բերում խաղադաշտ, քանի որ նրանք չէին ստանում իրենց պարգեւավճարները»:
Վերջերս Հայաստան էր ժամանել «Արարատի» շվեյցարահայ նախագահ Հրաչ Կապրիելյանը, որը հանդիպել է նաեւ Վարուժան Սուքիասյանին. «Ես հանդիպել եմ Կապրիելյանի հետ: Նա գտնում էր, որ ես իրենց հետ չեմ, քանի որ Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչն եմ: «Արարատի» ղեկավարները ոչ թե ինձանից արդյունք էին ակնկալում, այլ կոնֆլիկտ ֆեդերացիայի հետ: Կապրիելյանը նաեւ ասաց, որ հաջորդ մրցաշրջանում «Արարատին» իմիջայլոց են վերաբերվելու: Նրանց արդյունքը չի հետաքրքրում, նրանց միայն լարվածություն է պետք»:
Սուքիասյանը անդրադարձավ նաեւ «Արարատի» մենեջեր Վարուժան Սիմոնովի ասուլիսին, որում նա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին մեղադրել է իրեն ծեծելու մեջ. «Ես Սիմոնովին առաջնության վերջին տուրի հանդիպումից մեկ օր անց հարցրել էի, թե արդյոք նա ՀՖՖ նախագահի հետ խնդիրներ է ունեցել: Նա կտրականապես հերքեց, ինչպես որ դա արել էր նաեւ ի պատասխան ձեր («Ա1+»-ի խմբ.) հարցմանը: Սակայն 15-16 օր հետո հայտարարում է, որ իրեն ծեծել են: Եթե տղամարդ ես, ապա պետք է ճիշտը ասես, ոչ թե հրաժարվես հետո ուրիշ բան ասես»:
Վարուժան Սուքիասյանը ապագայի վերաբերյալ արդեն որոշակի ծրարգրեր ունի. «Ցանկանում եմ առաջիկայում հանգստանալ, քանի որ իմ 22 տարվա մարզչական գործունեության ընթացքում նման հոգեբանական հարվածներ չէի ստացել: Իրոք, հանգստանալու կարիք զգում եմ, իսկ դրանից հետո արդեն կմտածեմ իմ ծրագրերի մասին»: