Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿՄՆԱ «ԽԻՄԿԻՈՒՄ»

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին կշարունակի իր ելույթները մերձմոսկովյան «Խիմկիում»: Այս մասին հայտարարել է «Խիմկիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կոնստանտին Սարսանիան: Վերջինս նշել է նաեւ, որ «Խիմկին» կպահպանի իր հիմնական կորիզը եւ Ռուսաստանի 2009թ. առաջնությունում կփորձի պայքարել լավագույն տասնյակում հայտնվելու համար:

Ռոման Բերեզովսկին «Խիմկիի» առաջատար ֆուտբոլիստներից է եւ Ռուսաստանի առաջնությունների պատմության ընթացքում ամենաշատ 11 մետրանոց ետ մղած դարպասապահը:

ՖԻԼԱ-Ն ՆԵՐԵՑ ՄԻԱՅՆ ՇՎԵԴԻԱՅԻՆ


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան` ՖԻԼԱ-ն, չեղյալ է համարել Շվեդիայի ըմբշամարտի ֆեդերացիայի որակազրկումը, սակայն սկանդինավյան երկիրը ներկայացնող Արա Աբրահամյանը կշարունակի որակազրկված մնալ մինչեւ 2010թ. օգոստոսը:

Պեկինի օլիմպիական խաղերում նվաճելով բրոնզե մեդալ` հայ ըմբիշը պարգեւատրման արարողությունից հետո ի նշան բողոքի վատ մրցավարության դեմ նետեց իր մեդալը մրցագորգի վրա եւ հեռացավ: Աբրահամյանը գտնում էր, որ կիսաեզրափակիչում մրցավարների կողմնակալության պատճառով է զիջել իտալացի մրցակցին: Քննարկելով պատահարը` ՖԻԼԱ-ն 2 տարով որակազրկել էր Արա Աբրահամյանին, նրա մարզիչ Լեո Մյուլարին եւ Շվեդիայի ըմբշամարտի ֆեդերացիային:

ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՊԵՐՄ


Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Արթուր Ստեփանյանը կվերադառնա Պերմի «Ամկար»: 2008թ. հայ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս Նովորոսիյսկի «Չեռնոմորեցում»: «Ամկարը» մտադիր է հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ ուժեղացնել կազմը: Թիմը իրավունք է ստացել մասնակցել 2009-10թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: