Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սպորտ


2009թ մայիսի 22-ից 31-ը Երեւանում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան` ԱԻԲԱ-ն, առաջին անգամ է Հայաստանին վստահել նման խոշոր մրցաշարի անցկացումը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:

«Աշխարհի առաջնությունը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կտեղակայվի 2 ռինգ, իսկ կիսաեզրափակիչից սկսած` մրցումները կընթանան մեկ ռինգում», - նշեց Լյովա Հովհաննիսյանը: Առաջնությունը անցկացվելու է 13 քաշային կարգերում, որտեղ պայքարի մեջ կմտնեն մինչեւ 16 տարեկան հարյուրավոր բռնցքամարտիկներ: Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի քանի մարզիկ կունենա մրցաշարում: Իսկ առաջնության մասնակիցները իրենց հայտերը կսկսեն ներկայացնել միայն հաջորդ տարվանից: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան առայժմ տեղեկություն չունի, թե արդյոք մրցաշարում մասնակցելու ցանկություն կունենան Ադրբեջանի ներկայացուցիչները:

Հայաստանի եւ Ադրբեջանի մարզիկները գրեթե միմյանց «հյուր» չեն գնում, թեեւ 2007թ. սեպտեմբերին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը մասնակցեց Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը: «Անշուշտ մենք պատրաստ կլինենք երաշխավորել Ադրբեջանի անվտանգությունը, սակայն կոնկրետ տեղեկություն չունենք, թե արդյոք ադրբեջանցիները պատրաստվում են մասնակցել աշխարհի առաջնությանը, թե` ոչ», - եզրափակեց Լյովա Հոհվաննիսյանը:

Ի ԴԵՊ


Մոսկվայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում 75կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալի արժանացած Անդրանիկ Հակոբյանը առաջիկայում կստանա խոշոր պարգեւներ: ՀԲՖ-ի գլխավոր քարտուղարը հայտնեց, որ Հակոբյանին պատրաստվում են պարգեւատրել մի շարք կառույցներ, այդ թվում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: