Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԿՈՒՄԲԸ ՉՈՒՆԵՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ»

Սպորտ


«Երեւան Յունայթեդ» ակումբը ուշ թե շուտ վերադառնալու է հայկական ֆուտբոլ:

Ակումբի նախագահ Տիգրան Հովիվյանը «Ա1+»-ին հայտնեց, որը շարունակում է աշխատել ֆուտբոլային ակումբի գոյությունը Հայաստանում ապահովելու համար:

«2005թ. երբ ստեղծեցի «Երեւան Յունայթեդ» ակումբը, ունեի նաեւ մի քանի գործընկերներ, որոնց եւս ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում թիմին: Դժբախտաբար, նրանք չկարողացան շարունակել իրենց ֆինանսական աջակցությունը: Մնալով միայնակ` ես արեցի որքան կարող էի եւ թիմը մի կերպ ավարտեց տարին», - նշեց Տիգրան Հովիվյանը:

Ակումբը դրանից հետո մատնվեց պարապուրդի եւ ցրվեց, սակայն ավստրալահայ գործարարը կրկին որոշ միջոցներ հայթայթեց:

2007թ. «Երեւան Յունայթեդը» սկսեց իր մարզումները: «Դարձյալ Սիդնեյում վստահելով մի անձնավորության` վերսկսեց աշխատանքները: Սկսեցին վերականգնել թիմը: Ընդամենը մի քանի շաբաթ էր մնացել 2007թ. առաջնությանը, երբ այս անձնավորությունը եւս հրաժարվեց ֆինանսավորել թիմին: Ակումբը դարձյալ ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը», - ասաց «Երեւան Յունայթեդի» նախագահը:

Թեեւ ակումբի ելույթներ չի ունենում, սակայն գործում է նրա պաշտոնական կայքը, իսկ Տիգրան Հովիվյանը վստահեցնում է, որ 2-3 տարի հետո թիմը անպայման կվերադառնա. «Այժմ որոշել եմ, որ ակումբը երբ էլ որ վերականգնեմ, դա պետք է անեմ միայն իմ ջանքերով: Արդեն մշակում եմ ակումբի վերականգման ծրագիրը: Դա կարող է լինել 2010 կամ 2011 թվականից: Այդ ժամանակ ես պետք է ամեն ինչով պատրաստ լինեմ»:

Տիգրան Հովիվյանը հայտնեց, որ ակումբի ճակատագրով հետաքրքրված են շատերը. «Ես շատ զգացված եմ, որ հայկական ֆուտբոլի սիրահարները շարունակում են հարցում անել եւ պարզել ինձանից թե ինչ է սպասվում «Երեւան Յունայթեդին»: Ուշ թե շուտ ակումբը պետք է վերադառնա հայկական ֆուտբոլ»: