Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ

Սպորտ


2008թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել Դրեզդենի օլիմպիադայի լավագույն շախմատիստ Գաբրիել Սարգսյանը: Մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքում շախմատի Հայաստանի հավաքականի կազմում փայլուն խաղ ցուցադրած գրոսմայստերը առաջ է անցել մի շարք մեդալակիրներից:

Հարցմանը մասնակցել են 43 լրագրողները, որոնց քվեարկության արդյունքում Գաբրիել Սարգսյանը ստացել է 313 միավոր: 2-րդ տեղում է Եվրոպայի չեմպիոն, 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրորդ Տիգրան Վ. Մարտիրոսյանը (289), որը հանդես էր գալիս 85կգ քաշայինների պայքարում: Իսկ ահա ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանը (69 կգ), որը դարձյալ հաղթել էր Եվրոպայի առաջնությունում եւ բրոնզե մեդալի արժանացել Պեկինում 276 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը այս տարի եւս բավական հաջող հանդես եկավ միջազգային մրցաշարերում, հանգրվանել է 4-րդ հորիզոնականում: Ռուս ըմբիշ Յուրի Պատրիկեեւը, որը վերջին տարիներին ներկայացնում է Հայաստանը, 5-րդ հորիզոնականում է: Պատրիկեեւը այս տարի հունա-հռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել էր ոսկե մեդալ, իսկ օլիմպիական խաղերից վերադարձել բրոնզով:

Ընդհանրապես լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել միայն Պեկինի օլիմպիական խաղերում մեդալների արժանացած մարզիկները եւ Դրեզդենի օլիմպիադայում հաղթած շախմատի Հայաստանի հավաքականի անդամները:

Լավագույն տասնյակ

1. Գաբրիել Սարգսյան 313

2. Տիգրան Վ. Մարտիրոսյան 289

3. Տիգրան Գ. Մարտիրոսյան 276

4. Լեւոն Արոնյան 245

5. Յուրի Պատրիկեեւ 241

6. Վլադիմիր Հակոբյան 208

7. Ռոման Ամոյան 195

8. Գեւորգ Դավթյան 164

9. Հրաչիկ Ջավախյան 117

10. Տիգրան Լ. Պետրոսյան 116

Հայաստանի լավագույն թիմ է ճանաչվել շախմատի տղամարդկանց հավաքականը: Հարցմանը մասնակցած բոլոր 43 լրագրողներն էլ իրենց հարցաթերթիկում առաջին տեղում նշել են օլիմպիադայում հաջողության հասած հավաքականի անունը: