ՊԼՅՈՒՇԵՆԿՈՆ ՀԻԱՑԱԾ Է ԻՐ ԱՆՎԱՄԲ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն հույս ունի, որ Հայաստանում գեղասահքը առաջիկա տարիներին մեծ առաջընթաց կապրի:
Իսկ ռուս մարզիկի անունով շուտով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գեղասահքի մարզադպրոց կբացվի:
«Ես չեմ ցանկանում միայն անունս տալ մարզադպրոցին: Այստեղ հսկայական եւ տաժանակիր աշխատանք կա կատարելու: Մեզ պետք են բարձրակարգ մարզիչներ: Համալիրում կան բոլոր պայմանները եւ այստեղ կարելի է անցկացնել տարբեր խոշոր միջոցառումներ», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պլյուշենկոն:
Մարզահամերգային համալիրի տնօրինող` ԲԱՄՕ ընկերության բաժնետերերից Հովիկ Մուրադյանը հայտնեց, որ մարզադպրոց բացելու գաղափարը ծագել էր դեռեւս 2-3 տարի առաջ. «Վաղուց էինք որոշել բացել մարզադպրոց եւ դրա համար առաջարկեցինք Պլյուշենկոյին համագործակցել: Ներկայումս մարզադպրոցի բացման քննարկումները ընթացքի մեջ են: Պլյուշենկոն Երեւան է ժամանել տեղում ծանոթանալու պայմաններին, իսկ դեկտեմբերի 27-ին տեղի կունենա բացման արարողությունը»:
Հովիկ Մուրադյանը նշեց նաեւ, որ առաջիկայում ԲԱՄՕ-ն կկառուցի նաեւ նոր սահադաշտ. «Պայմաններից առաջինը այն է, որ առաջիկա 1-2 տարում եւս մեկ ժամանակակից սահադաշտ կառուցենք: Դա կլինի համալիրի մերձակայքում կամ Երեւանում որեւէ այլ տեղ»:
Նախքան ասուլիսը Եվգենի Պլյուշենկոն կարճատեւ մարզում անցկացրեց պատանի գեղասահորդների հետ: Ըստ նրա` ներկայումս գեղասահքով զբաղվողների թիվը շատ քիչ է Հայաստանում. «Մարզմանը շատ քիչ էին երեխաները: Պետք է հավաքագրել մեծ թվով երեխաների: Սահմանափակում չպետք է լինի: Ես երեխաների մոտ տեսա ցանկություն մարզվելու: Առանց դրա ոչնչի հասնել հնարավոր չէ: Պետք են լավ մարզիչներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի նրանց ճիշտ ուսուցում տալ»:
Օլիմպիական խաղերի չեմպիոնը հայտնեց, որ իր անունով Երեւանում բացվելիք մարզադպրոցը առաջինը չէ. «Ներկայումս ես բանակցում եմ ներդնողների հետ Սանկտ Պետերբուրգում Եվգենի Պլյուշենկոյի անվան համալիր բացելու շուրջ: Վոլգոգրադում գործում է իմ անունով մասնաճյուղ»:
Խոսելով իր հետագա անելիքների մասին` Պլյուշենկոն ասաց. «Իմ վերադարձը մեծ սպորտ կախված է վնասվածքիցս: Եթե ինձ լավ զգամ, ապա շուտով կմասնակցեմ խոշոր մրցաշարերի: Այսօր ես շոուներ եմ անցկացնում տարբեր քաղաքներում: Ես դեռ 26 տարեկան եմ եւ շատ երազանքներ ունեմ: Ցանկանում են ընտանիք կազմել: Մեծ է ցանկությունս նաեւ օլիմպիական խաղերում 2-րդն ոսկին նվաճել: Գիտակցում եմ, որ դա շատ դժվար է, բայց ոչ անհնար»: