Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՇՈՐ ՀԱՇԻՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

Սպորտ


Ֆուտզալի Հայաստանի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում խոշոր հաշիվ գրանցվեց: Առաջատար «Պոլիտեխնիկը» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալ Նոր Նորքի» հետ, որը հաղթանակի դեպքում կշրջանցեր ճարտարագետներին:


Սակայն տանտերերը 14:7 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին: 4 անգամ աչքի ընկավ Կարեն Միքայելյանը, որը ընթացիկ առաջնությունում արդեն 20 գոլի հեղինակ է դարձել եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արդյունավետ խաղ ցուցադրեց նաեւ Գեղամ Եդիգարյանը, որը 5 գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը: Մյուս առաջատար «Թալ Գրիգը» 13:5 հաշվով առավելության հասավ «Ռեմայի» նկատմամբ: «Թալ Գրիգի» կազմում միանգամից 6 գոլի հեղինակ դարձավ Խորեն Զարգարյանը:


6-րդ անընդմեջ պարտությունը կրեց ետնապահ «Ավանը», որը այս անգամ 5:7 հաշվով զիջեց «Գյումրիին»: Վերջինիս կազմում 3 անգամ աչքի ընկավ Գյումրիի «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Առտյոմ Բեռնեցյանը:


«Էրեբունին» 8:6 հաշվով առավելության հասավ «Հրազդանի» նկատմամբ: Հաղթողների կազմում 3 գոլի հեղինակ դարձավ Ավետիս Տոնելյանը: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 13-ական միավորով գլխավորում են «Պոլիտեխնիկը» եւ «Թալ Գրիգը»:

ԱՐՍԵՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ


WBA-ի վարկածով թեթեւ քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեն, որը փետրվարի 7-ին մրցելու է այս քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի հետ (Ավստրալիա), հայտարարել է, որ չի հարգում հայ բռնցքամարտիկին. «Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում իմ մրցակիցներին, սակայն Դարչինյանին ընդհանրապես չեմ հարգում: Նա ծաղրում է մրցակիցներին, գլուխ գովում է իմ հայրենակից մեքսիկացիների նկատմամբ տարած հաղթանակների համար: Նա անհարգալից եւ ավել պակաս խոսացող հիմար է»:

ԳԱԶԱԵՎԸ «ՊԱԽՏԱԿՈՐՈ՞ՒՄ»


Ֆուտբոլի Ուզբեկստանի 8-ակի չեմպիոն «Պախտակորը», որը հանդիսանում է Երեւանի «Արարատի» մրցակիցը «Համագործակցությունը գավաթի» խաղարկությունում, ցանկանում է բարձրակարգ գլխավոր մարզիչ հրավիրել: Ակումբի ղեկավարները առաջարկություն են արել ռուս հայտնի մասնագետ Վալերի Գազաեւին:


«Պախտակորի» ներկայացուցիչները ներկայացումս բանակցում են Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին մարզչի հետ: «Պախտակորը» պատրաստ է նաեւ բանակցել հայտնի մարզիչներ Օլեգ Դոլմատովի եւ Միրչա Լուչեսկուի հետ: Ուզբեկական ակումբը այս օրերին նաեւ ակտիվ սելեկցիոն աշխատանք է կատարում` ուժեղացնելով թիմի կազմը:


Հիշեցնենք, որ հունվարին Մոսկվայում կայանալիք «Համագործակցության գավաթի» խաղարկությունում «Արարատը» ընդգրկված է A խմբում եւ մրցելու է «Ռուբինի» (ՌԴ), «Ակտոբեի» (Ղազախստան) եւ «Պախտակորի» (Ուզբեկստան) հետ: