ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԶԻՋԵՑ ՆԱԵՎ ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Առաջիկա 4 տարիներին հայկական բռնցքամարտը կղեկավարի Արման Մուրադյանը: ԲԱՄՕ ընկերության բաժնետերը նախագահի ընտրություններում հաղթել է նախկինում հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց բռցնքամարտիկ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը 1997 թվականից զբաղեցնում էր Հայկ Հարությունյանը, որը ներկայումս նախագահի թիկնազորի պետն է: Հարությունյանը որոշել էր չառաջադրել իր թեկնածությունը եւս մեկ անգամ: Սպասվում էր, որ հանձինս Արման Մուրադյանի կլինի միայն մեկ թեկնածու, բայց վերջին պահին հայտնի է դարձել, որ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար պաշտոնում ցանկանում է ընտրվել նաեւ Իսրյաել Հակոբկոխյանը: Անցյալում հայտնի բռնցքամարտիկը վերջին տարիներին մեծ ակտիվություն է ցուցաբերում տարբեր տեսակի ընտրություններում:
Մասնավորապես 2007թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում Հակոբկոխյանը առաջադրել էր իր թեկնածությունը` մեծամասնական ընտրակարգով , բայց չէր կարողացել հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայն, իսկ 2008թ. նախագահական ընտրություններում վերջին պահին որոշեց չառաջադրել իր թեկնածությունը: Այս անգամ Հակոբկոխյանը իր համար հարազատ ոլորտում էր առաջադրվել, սակայն ընդամենը 9 ձայն է ստացել, իսկ նրա մրցակցի` Արման Մուրադյանի օգտին են քվեարկել 50-ից ավել մանդատ ունեցողներ:
Լյովա Հովհաննիսյանը հայտնեց, որ առայժմ ֆեդերացիայում փոփոխություններ չկան: Մոտ ապագայում ֆեդերացիան պատրաստվում է արտահերթ նիստ անցկացնել եւ ընտրել գործկոմի նոր կազմ: Կձեւավորվեն մասնաճյուղեր տարբեր մարզերում եւ Երեւանում:
Գործկոմի կազմի հաստատումից հետո կքննարկվի նաեւ մարզչական կազմի հարցը: