ՀԱԿՈԲՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը Մոսկվայում դարձել է աշխարհի գավաթակիր: 75 քաշային հայ բռնցքամարտիկը եզրափակիչում առավելության է հասել Վենեսուելայի ներկայացուցիչ Ալֆոնսո Բլանկոյի նկատմամբ:
Հայաստանը շուրջ 14 տարի աշխարհի գավաթի խաղարկություններում հաղթող չէր ունեցել: Վերջին անգամ նման հաջողության հասել էր Նշան Մունչյանը` 1994թ: Ավելի վաղ աշխարհի գավաթակիր էր դարձել Իսրայել Հակոբկոխյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են տվյալ տարի միջազգային մրցաշարերում առավել հաջող հանդես եկած բռնցքամարտիկները: Հայաստանից նման իրավունք ստացել էին օլիմպիական խաղերի բրոզնե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը, Եվրոպայի չեմպիոն Էդուարդ Համբարձումյանը եւ օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Հակոբյանը: Ջավախյանը 60 կգ-ից տեղափոխվել է 64 կգ, ուստի առայժմ զերծ է մնում խոշոր մրցաշարերից, Համբարձումյանը վնասվածք ուներ, ուստի Անդրանիկ Հակոբյանը միայնակ էր մեկնել Ռուսաստան:
Անդրանիկը հաջողությամբ հաղթահարելով առաջին հանդես փուլերի արգելքները, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլշոդ Ռասուլովի նկատմամբ` ռեւանշի հասնելով Պեկինում կրած պարտության համար: Եզրափակիչում Հակոբյանը հանդիպեց Վենեսուելայի ներկայացուցիչ Ալֆոնսո Բլանկոյին, որը կիսաեզրափակիչում առավելության էր հասել ռուս Դմիտրի Չուդինովի նկատմամբ: Եզրափակիչ մրցամարտը անցավ հավասար պայքարում, բայց Հակոբյանը ավելի ագրեսիվ էր տրամադրված եւ ի վերջո պարտության մատնեց հարավամերիկացի բռնցքամարտիկին:
51 կգ քաշայինների պայքարում աշխարհի գավաթակիր դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Միշա Ալոյանը, որը առավելության հասավ կուբացի Լաֆիտա Էռնանդեսի նկատմամբ:
11 քաշային կարգերում հաղթողներ ունեցան միայն Հայաստանը, Ֆիլիպինները, Ռուսաստանը եւ Կուբան: