Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ ՉՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱՆՔ»

Սպորտ


«Մենք հայտնվել ենք բավական ուժեղ խմբում, սակայն չպետք է վախենանք որեւէ մրցակցից: Ձգտելու ենք լավ արդյունքի հասնել, իսկ թե որքանով դա կհաջողվի ցույց կտա մրցաշարը», -«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արարատ» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Աշոտ Կիրակոսյանը` մեկնաբանելով «Համագործակցության գավաթի» վիճակահանության արդյունքները:


Մոսկվայում 2009թ. հունվարին կայանալիք մրցաշարի վիճակահանությունը կայացել էր նախորդ ուրբաթ, սակայն անցած օրերին «Արարատը» չուներ գլխավոր մարզիչ: Վարուժան Սուքիասյանը եւ նրա օգնականները հրաժարական էին տվել, իսկ «Արարատի» ղեկավարությունը նոր մարզիչ էր փնտրում:


«Համագործակցության գավաթի» խաղարկությունում Հայաստանի փոխչեմպիոնը ընդգրկված է A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Ռուբինը» (Ռուսաստան), «Պախտակորը» (Ուզբեկստան) եւ «Ակտոբեն» (Ղազախստան): Ըստ Աշոտ Կիրակոսյանի` այս խմբում ֆավորիտներ չկան. «Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են: «Ռուբինը» հաղթել է Ռուսաստանի պես ուժեղ առաջնությունում: Թեեւ հանդես է գալու ոչ հիմնական կազմով, սակայն նման հզոր թիմի պահեստային կազմը չի կարող թույլ լինել: Ինչ վերաբերվում է մյուս 2 թիմերին, ապա տեղյակ ենք, որ «Պախտակորը» եւ «Ակտոբեն» հաջող են հանդես եկել ներքին առաջնությունում, բայց ավելի մանրամասն տեղեկություններ առայժմ չունենք»:


«Առայժմ ֆուտբոլիստների հետ չեմ հանդիպել, քանի որ նրանց արձակուրդում են: Դեկտեմբերի 18-ին կհավաքվեն կզրուցենք, իսկ 19-ից սկսկենք մարզումները` նախապատրաստվելով ԱՊՀ-ի գավաթին: Ներկա դրությամբ կազմում փոփոխություններ գրեթե չկան: Պարզապես կարող եմ հայտնել, որ առաջին խմբի թիմից մի քանի երիտասարդների ընդգրկվելու ենք գլխավոր թիմում», -նշեց Աշոտ Կիրակոսյանը:


Աշոտ Կիրակոսյանը, որը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Արարատ-2»-ը, խոսեց նաեւ «Արարատի» մարզչական շտաբի մասի. «Իմ օգնականը լինելու է Տիգրան Գսպեյանը, որի հետ միասին աշխատել ենք «Արարատ-2»-ում: Ֆիզիկական պատրաստվածությամբ զբաղվելու է Վահան Նիկոլյանը, որը եւս ակումբին շատ լավ ծանոթ անձնավորություն է: Դարպասապաների հետ էլ կաշխատի Տիգրան Ասլանյանը»: