«ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ» ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ին
Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող բռնցքամարտիկ Սյուզի Կետիկյանը Գերմանիայի Հալ քաղաքում հաջողությամբ պահպանեց WBA եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը: Հայ մարզուհին վստահորեն առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Տոկտաուլովայի նկատմամբ եւ հաղթանակի համար ստացավ 50 հազար եվրո պարգեւատրում:
«Ես ցանկանում էի ժամանակից շուտ հաղթել այս մրցամարտում, սակայն Անաստասիան եւս լավ էր պատրաստվել: Մենք գլուխներով այնպես բախվեցինք, որ երկար ժամանակ ականջներս զնգում էին», - մրցամարտից հետո ասել է Կետիկյանը:
«Մարդասպանների թագուհի» անունով հայտնի Կետիկյանը արդեն չեմպիոնական 2 գոտի ունի, սակայն ձեռք բերածով սահմանափակվել չի պատրաստվում. «Ինձ համար կարեւորը ռինգում լավ որակի բռնցքամարտ ցույց տալն է: Երբ դուրս եմ գալիս ռինգ, գիտեմ, որ լավ մրցավեճ է սպասվում ինձ: Առայժմ չեմ մտածում, թե քանի գոտի պետք նվաճեմ: Կբավականացի նաեւ 3 չեմպիոնական գոտին»:
Մեկնաբանելով իր մականունը` Սյուզին ասել է. «Ես արդեն սովորել եմ, որ ինձ անվանում են «Մարդասպանների թագուհի»: Դա արտահայտում է, թե ինչ եմ ես ցույց տալիս ռինգում: Սովորական կյանքում ես հրեշտակ եմ, սակայն ռինգում դառնում եմ սատանա»:
Մանուկ հասակից Կետիկյանը հրապուրված է եղել այլ մարզաձեւերով. «Ինձ հետաքրքրում էր լողը, մարմնամարզությունը, ձյուդոն, կարատեն: Բայց այս ամենը այն չէր: Բռնցքամարտով սկսեցի զբաղվել այն բանից հետո, երբ հեռուստացույցով սկսեցին ցույց տալ Ռեգինա Հալմիքսի հանդիպումները: Ես նույնպես ցանկացա, որ ինձ ցույց տան հեռուստացույցով: Սկզբում հայրս դեմ էր, որ զբաղվեի բոքսով, սակայն երբ տեսավ, որ ստացվում է, համակերպվեց: Բայց մի պայման դրեց. ես միշտ պետք է հաղթեմ»: