Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԻ» ՄԱՐԶԻՉԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏԱԼԻՍ

Սպորտ

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը եւ նրա օգնականները որոշել են հեռանալ զբաղեցրած պաշտոններից: Քիչ առաջ այդ մասին «Ա1+»-ին հայտնեց թիմի մարզիչ Գեւորգ Քամալյանը:

«Արարատ» ակումբում այս մասին տեղյակ չէին, բայց խոստացան հաջորդ շաբաթ ասել, թե ով է գլխավորելու թիմը հաջորդ տարի:

Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» երկարատեւ ընդմիջումից հետո 2008թ. բավական հաջող մրցաշրջան անցկացրեց: Թիմը նվաճեց Հայաստանի գավաթը, իրավունք ստացավ մասնակցել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, իսկ Հայաստանի առաջնությունում միայն լրացուցիչ խաղում առաջին հորիզոնականը զիջեց «Փյունիկին»:

«Արարատի» մարզչական շտաբը առայժմ չի մեկնաբանում իր հրաժարականի պատճառները, սակայն առաջիկայում այդ մասին հրապարակումներ կլինեն:

Ի դեպ, Վարուժան Սուքիասյանը հրաժարական էր տվել նաեւ 2007թ. ամռանը: Այն ժամանակ Սուքիասյանը հեռացավ «Արարատից» ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Սակայն, 2008թ. մարտ ամսին փորձառու մասնագետը կրկին վերադարձավ «Արարատ»: Հիշեցնենք նաեւ, որ Վարուժան Սուքիասյանը հանդիսանում է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը, իսկ 2000-02թթ. աշխատել է որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: