Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԻՄՈՆՅԱՆԸ ՉՆԵՂԱՑՐԵՑ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԻՆ

Սպորտ


Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դարձավ հայ առաջին ֆուտբոլային մարզիչը, որը ստացավ «PRO» կարգի մարզչական արտոնագիր: Հայ մասնագետը Մոսվկայում հաջողությամբ հանձնել է քննություն եւ ստացել արտոնագիրը:


«PRO» կարգի արտոնագիր ստանում են այն մարզիչները, որոնք ցանկանում են աշխատել բարձրակարգ ակումբներում: Օրինակ, Ռուսաստանում նման արտոնագրի բացակայության դեպքում մարզիչը իրավունք չի ունենա մարզել բարձրագույն խմբի որեւէ ակումբ:


Հայաստանում մարզիչները առայժմ ստանում են Ա եւ Բ կարգի արտոնագրեր, իսկ «PRO»-ն ամենաբարձր կարգն է, որը թույլ է տալիս աշխատել ցանկացած ակումբում կամ հավաքականում: Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի 2008թ. առաջնության ավարտից հետո մեկնեց Մոսկվա հենց «PRO» կարգի արտոնագիր ստանալու համար: Բայց ստանալը այնքան էլ հեշտ չէ, քանի որ մարզիչները հատուկ հանձնաժողովի ներկայությամբ բավական բարդ քննություն են հանձնում:


Իսկ քննական հանձնաժողովի ղեկավարը մեր հայրենակից Նիկիտա Սիմոնյանն էր` «Արարատ-73»-ի լեգենդար գլխավոր մարզիչը: Ներկայումս Սիմոնյանը Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահն է: Նիկիտա Պավլովիչի որոշմամբ` Արմեն Գյուլբուդաղյանցը եւ եւս 12 մարզիչներ ստացել են «PRO» կարգի արտոնագիր: Գյուլբուդաղյանցի հետ միասին քննություն են հանձնել նաեւ նախկինում հայտնի խաղացող Սերգեյ Յուրանը, որը 2008թ. Ռուսաստանի առաջնությունում գլխավորում էր մերձմոսկովյան «Խիմկին»:


Իսկ Արմեն Գյուլբուդաղյանցը վերջին տարիներին աշխատել է Երեւանի «Փյունիկիում», Հայաստանի հավաքական թիմերում, իսկ հոկտեմբերից գլխավորում է Երեւանի «Բանանցը»: Գյուլբուդաղյանցը վերջին տարիներին բազմաթիվ մարզչական դասընթացների է մասնակցել եւ պատահական չէ, որ հենց նա հայ մարզիչներից առաջինը դարձավ պրոֆեսիոնալ մարզչական ասպարեզում: