Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀՈՒՅՍԻՆ

Սպորտ


Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան հայտ է ներկայացրել 2010 թ. Երեւանում Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարը անցկացնելու համար: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:


Խոսքը կանանց առաջնության մասին է, որին մասնակցում են մոտ 10 հավաքականներ:


«Ցանկություն ունեինք, որ մրցաշարը Հայաստանում անցկացվեր 2009թ. ամռանը, սակայն ինչպես հայտնի է, հաջորդ տարի Երեւանում անցկացվելու է համահայկական բասկետբոլի եւ ֆուտբոլի մրցաշարեր: Նպատակահարմար գտանք ավելի լավ կազմակերպել այդ խաղերին, իսկ Եվրոպայի առաջնությունը անցկացնել միայն 2010թ.»-նշեց Ռոստոմյանը:


Ֆեդերացիայի նախագահը ընդգծեց, որ Երեւանում միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադահլիճ առայժմ չկա, բայց շուտով այս հարցը կկարգավորվի. «Հաջորդ տարի ՖԻԲԱ-ն Հայաստան կուղարկի միջազգային չափանիշներին համապատասխան գույք, որով կկահավորենք Երեւանում գտնվող որեւէ դահլիճ: Առաջին հերթին լուսատախտակների հարցը պետք է լուծենք: Պետք փոխենք նաեւ զամբյուղները, վահանները: Միջազգային ֆեդերացիան այս հարցում պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին»:


Շուտով Երեւանում կանցկացվի մեկ այլ միջազգային մրցաշար: Դեկտեմբերի 15-ին կմեկնարկի Վիտալի Զաստուխովի անվան հուշամրցաշարը: «Մրցաշարին հանդես կգան նաեւ Վրաստանի եւ Իրանի հավաքականները: Անշուշտ սա լավ առիթ է կազմակերպչական փորձ ձեռք բերելու համար, իսկ մեր բասկետբոլիստները հնարավորություն կունենան ուժերը չափել բավական ուժեղ հավաքականների հետ: Այսօր Վրաստանը եւ Իրանը շատ ուժեղ բասկետբոլ ունեն: Իրանը ընդհանրապես լավագույնն է Ասիայում», - ասաց Ռոստոմյանը: