Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱՌԿՈՒՅԱՆԻՆ ԸՆՏՐԵՑԻՆ ՄԻԱՁԱՅՆ

Սպորտ

Գագիկ Ծառուկյանը այսօր վերընտրվեց Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում: ՀՕԿ-ի գերագույն ասամբլեայում Ծառուկյանը առաջադրված միակ թեկնածուն էր եւ մանդատ ունեցողները միաձայն քվեարկեցին նրա օգտին:

Չփոխվեցին նաեւ ՀՕԿ-ի փոխնախագահները: Առաջին փոխնախագահի պաշտոնում կշարունակի աշխատել Ռազմիկ Ստեփանյանը: Մյուս 3 փոխնախագահների անթոռները կշարունակեն զբաղեցնել Վահրամ Առաքելյանը, Օգսեն Միրզոյանը եւ Դերենիկ Գաբրիելյանը:

Ասաբլեայի մասնակիցները մի քանի ժամ հանգստացան եւ ուղեւորվեցին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ կայացավ Պեկինի օլիմպիական խաղերի մրցանակիր մարզիկների մեծարման երեկոն:

Միջոցառումը պետք է սկսվեր 17:00-ին, սակայն հայկական ավանդույթի համաձայն միայն 17:20 րոպե ազդարարցվեց միջոցառման սկիզբը: Դահլիճը կիսադատարկ էր, քանի որ այս միջոցառմանը մարզերից ավտոբուսներով դպրոցականների չէին բերել: Կազմակերպիչները ստիպված էին ամֆիթատրոնում նստածներին ստիպել իջնել ներքեւ եւ ստեղծել տպավորություն, որ միջոցառումը անցնում է լեփ-լեցուն դահլիճում:

Այնուհետեւ հայկական սպորտի վերջին 4 տարիների կարեւորագույն իրադարձություններին նվիրված մոտ 40 րոպեանոց ֆիլմ ցուցադրվեց: Հայկական սպորտից անտեղյակները դիտելով այս ֆիլմը կկարծեին, թե Հայաստանը աշխարհի հզոր մարզական երկրներից է, նրա ներկայացուցիչները հաղթում են բոլոր հնարավոր մրցաշարերում, Հայաստանի մարզական ենթակառուցվածքները լավագույնն են աշխարհում եւ այլն: Ֆիլմում մեծ տեղ էր հատկացվել շախմատի հավաքականին, որը իրոք արժանի էր գովասանքի, սակայն անհասկանալի էր, թե ինչ կապ ունեին մեր գրոսմայստերները Պեկինի օլիմպիական խաղերի հետ: Ֆիլմում անընդհատ խոսվում էր հայկայան սպորտի առաջընթացի, նվաճված մեծ թվով մեդալների մասին: Մինչդեռ Հայաստանը արդեն 12 տարի է օլիմպիական խաղերում չեմպիոն եւ փոխչեմպիոն չի ունեցել, իսկ Հայաստանի ներկայացուցիչները աշխարհի առաջնություններում ոսկե մեդալի վերջին անգամ արժանացել են 2002թ. ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Ինչ վերաբերվում է 2008թ. օլիմպիական խաղերին, ապա այստեղ Հայաստանը 6 բրոնզե մեդալի էր արժանացել եւ թիմային հաշվարկով գրավել 79-րդ հորիզոնականը: Մեր ընտրանու կազմում հաջողության էին հասել ծանրորդներ Գեւորգ Դավթյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը, ըմբիշներ Յուրի Պատրիկեւը, Ռոման Ամոյանը, ինչպես նաեւ բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը: