Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄՐՑԱՎԵՃԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Սպորտ


Դեկտեմբերի 6-ին բռնցքամարտի Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականները Երեւանում պետք էընկերական հանդիպում անցկացնեին Ռուսաստանի իրենց հասակակիցների հետ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրում նախատեսված մրցավեճը չի կայանա: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է եւ առայժմ հայտնի չէ, թե երբ կկայանա: Նախատեսվում էր, որ ռինգ դուրս գային 15 զույգեր: Սպասվում էր, որ Ռուսաստանը Երեւան կժամաներ իր ուժեղագույն կազմով:

ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ


Դեկտեմբերի 12-ին Մոսկվայի «Crown Plaza» հյուրանոցում կայանալու է 2008թ. սիրողական բռցնքամարտի լավագույն մարզիկների, մրցավարների եւ մարզիչների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը կազմակերպել է սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան` ԱԻԲԱ-ն, որի անդամ է նաեւ Հայաստանը: Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կազմակերպիչների կողմից հրավեր չի ստացել:

Մրցանակաբաշխության ժամանակ կհայտարարվի 2008թ. լավագույն բռնցքամարտիկի անունը: Հավանական է, որ նման կոչման արժանանա 2008թ. օլիմպիական խաղերում ոսկե մեդալի արժանացած մարզիկներից որեւէ մեկը: Հայաստանը ամառային օլիմպիական խաղերում միայն բրոնզե մեդալի է արժանացել: Նման հաջողության է հասել 60 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը: 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը եւ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը ոսկե մեդալների են արժանացել Լիվերպուլում կայացած Եվրոպայի 2008թ. առաջնությունում: