«ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՐԶԻՉ ԱՇԽԱՏԵԼ»
Աջակցիր «Ա1+»-ին«Քայլեր կատարվում են, որպեսզի բասկետբոլը ժամանակի ընթացքում բերվի նախկին մակարդակին: Այդ գործում շատ կարեւոր է մարզիչների եւ մրցավարների վերապատրաստումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ Եղիշե Դավթյանը:
Ֆեդերացիան արդեն սեմինար-պարապմունքներ է սկսել, որոնց մասնակցում են տարբեր բնակավայրերի մասնագետներ: «Վերջերս Գյումրիում անցկացվեց Շիրակի մարզի բոլոր բնակավայրերի մարզիչների մասնակցությամբ սեմինար, միաժամանակ պատանիների համար անցկացվեցին մարզումներ: Լավ արձագանքներ եղան մասնակիցների կողմից:: Նմանատիպ մրջոցառումներ կանցկացվեն եւս 3 շրջաններում` ներառելով նաեւ Արցախը», - նշեց Եղիշե Դավթյանը:
Վերջերս բասկետբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել մարզչական խորհրդի նիստ` շուրջ 3 տասնյակ մարզիչների մասնակցությամբ: Նիստի ընթացքում բաց քվեարկությամբ որոշվել են Հայաստանի պատանեկան հավաքականների գլխավոր մարզիչները:
«Հատուկ ուշադրություն պետք է դարձնենք 1994-95թթ. ծնված բասկետբոլիստների հավաքականների վրա, քանի որ 2010թ. Սինգապուրում առաջին անգամ կկայանան երիտասարդական օլիմպիական խաղերը, որին կմասնակցի նաեւ Հայաստանը»,- ասաց մարզչական խորհրդի ղեկավարը:
Առայժմ բաց է մնում ազգային հավաքականների մարզիչների հարցը, որին, ըստ Դավթյանի, ֆեդերացիան կանդրադառնա առանձին նիստով. «Այսօր դեռ պետք է որոշենք, թե իմաստ կա՞ մեծահասակների վրա գումար ծախսել եւ արդյոք կա դրա հնարավորությունը: Իսկ այն մարզիչները որոնք ընտրվեցին ավելի ցածր տարիքային հավաքականներում, նրանց առջեւ խնդիր դրվեց դեկտեմբերին ներկայացնել հաջորդ տարվա ծրագիրը, որը ֆեդերացիան պետք է քննարկի»:
Եղիշե Դավթյանը հայտնեց նաեւ, որ կառավարությունը բասկետբոլին հատկացվելիք գումարի չափը ավելացրել է 2 մլն դրամով. «2009թ. համար կառավարությունը հատկացնելու է 18 մլն դրամ: Մեծ աջակցություն է ցուցաբերում նաեւ միջազգային ֆեդերացիան: Իհարկե, լավ կլիներ նաեւ այլ աղբյուրներից ֆեդերացիան ստանար գումարներ»:
Ֆեդերացիան նախատեսում է նաեւ, որ մարզիչները սեմինարներին մասնակցելով ստանան արտոնագրեր, ինչը իրավունք կտա նրանց գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում. «Մտահաղացում կա, որ մարզիչները եւ մրցավարները մինչեւ չմասնակցեն սեմինարներին, չհանձնեն քննություն, իրավունք չունենան աշխատել: Բայց առայժմ այս հարցին շատ խիստ չենք մոտենում, քանի որ մեծ ընտրություն չունենք: Բայց լավ կլիներ, որ մարզիչները որակավորում անցնեին, նոր իրավունք ստանային աշխատել»:
Արտոնագիրը թույլ կտա խուսափել բասկետբոլից անտեղյակ մարզիչներից, որոնց հաճախ վճարովի խմբակներ են բացում տարբեր կրթական հաստատություններում. «Թեեւ դա ապահովում է մասսայականություն, սակայն մասնագիտական առումով բացասահակն հետեւանքներ է ունենում: Ինչպես կարող է մարդը բասկետբոլի մարզիչ աշխատել, երբ չունի համապատասխան կրթություն եւ որակավորում»:
Վերջում Եղիշե Դավթյանը ընդծեց, որ 2009թ. օգոստոսին Հայաստանում անցկացվելու է ֆուտբոլի եւ բասկետբոլի մրցաշարեր համահայկական ավանդական խաղերի շրջանակներում. «Այս մրցաշարին ֆեդերացիան պետք է պատրաստվի հատկապես մրցավարության առումով` մինչ այդ անցկացնելով սեմինարներ: Իսկ մասնակից թիմերի առջեւ պայման ենք դնելու, որ նրանք իրենց հետ բերեն մեկական մրցավար»: