Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՉԱՓ ՋՐԱՑԱՏԿՈՐԴ ՈՒՆԻ»

Սպորտ


2012թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին Հայաստանը մտադիր է ունենալ մասնակիցներ նաեւ ջրացատկում: Վերջին տարիներին այս մարզաձեւում Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում էին միայն պատանեկան եւ երիտասարդական միջազգային մրցաշարերի:

«Չնայած ճգնաժամային տարիներին, 1996թ եւ 2000թ. օլիմպիական խաղերին հանձինս Ավթանդիլյանի` ունեցանք մասնակից, որը ոչ թե սպիտակ քարտով էր իրավունք ստացել հանդես գալ օլիմպիական խաղերին, այլ նվաճել էր այդ ուղեգիրը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ջրացատկի ֆեդերացիայի փոխանախագահ Ռոբերտ Գրիգորյանը:

Հաջորդ 2 օլիմպիադաներում Հայաստանը ջրացատկում չի ունեցել մասնակից, ինչը փորձառու մասնագետը բացատրեց այսպես.

«Երբ լողավազանը (այն գտնվում է Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցում-խմբ.) սկսեց նորմալ գործել, ջրացատկի ֆեդերացիան որոշեց շեշտը դնել աճող սերնդի կատարելության բարձրացման վրա: Սկսեցինք մասնակցել միայն երիտասարդական եւ պատանեկան մրցումների: Այդ քաղաքականությունը արդարացրեց իրեն: Այժմ ունենք բավականին խոստումնալից մարզիկներ, որոնք վերջին 3 տարվա ընթացքում 30-ից ավել մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարերում»: Նրանցից 2-ի տարիքը այս տարի արդեն թույլ է տվել, որպեսզի մասնակցեցն Եվրոպայի եւ Աշխարհի երիտասարդական առաջնությունների:

«Եվրոպայի առաջնությունում մարզիկներից մեկը` Գեւորգ Պապոյանը, գրավեց 8-րդ տեղը եւ մտավ եզրափակիչ, ինչը բավականին լավ արդյունք է, եթե հաշվի առնենք, որ առաջին անգամ էր մասնակցում: Պապոյանին հաջողվեց իրենից ետ թողնել մի շարք գերտերությունների ներկայացուցիչների: Փորձի պակասը զգավում է մեր մարզիկների մոտ, քանի որ ի տարբերություն իրենց մրցակիցների միջազգային մրցաշարերի քիչ են մասնակցում: Բայց զգացվում է, որ փորձ ունենալու դեպքում Եվրոպայում կարող են պայքարել մրցանակային տեղերի համար, իսկ աշխարհի առաջնությունում` 1-6-րդ տեղերի»,-նշեց Գրիգորյանը:

Ջրացատկը հրապուրում է շատերին, սակայն մարզաձեւի մասսայականությունը Հայաստանում հեռու է բավարար լինելուց: «Չկան անհրաժեշտ պայմաններ եւ պատանիները հնարավորություն չունեն զբաղվել այս մարզաձեւով: Ովքեր սեփականաշնորհեցին լողավազանները, ջրացատկի համար աշտարակները, կտրեցին, գցեցին: Ջրացատկի համար լողավազանի խորությունը պետք է լինի 5 մետր, բայց սարքեցին 2 մետր, քանի որ այդպես ավելի հեշտ կլինի պահել: Այսօր միակ լողավազանը, որտեղ հնարավոր է զբաղվել ջրացատկով, դա Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանն է», - ասաց Ռոբերտ Գրիգորյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը ենթադրում է, որ մի քանի նման մարզադպրոց ունենալու դեպքում Հայաստանը անհամեմատ լավ արդյունքներ կունենար միջազգային ասպարեզում. «Որքան շատ լինեին ջրացատկի լողավազանները, այնքան մեծ կլիներ մեր ընտրությունը: Չինաստանը այնքան ջրացատկով զբաղվող ունի, որքան մեր երկիրը` բնակիչը: Դե, պատկերացրեք, նրանք այդքան մարզիկից են ընտրում 2-ի, իսկ մենք` 1 մարզադպրոցի 15-20 հոգուց»:

Անհավասար պայմաններից ջրացատկի ֆեդերացիան չի ընկճվում եւ իրավիճակը որոշակիորեն փոխելու համար դիմել է Սպորտի նախարարություն. «Ցանկանում ենք, որ Աբովյան քաղաքի լողավազանում հնարավորություն ստեղծվի ջրացատկի համար: Մենք պատրաստ ենք օգնել սարքավորումներով, որ գոնե ստեղծվեն պայմաններ պատանիների մարզվելու համար: Այնտեղ չկա 10 մ աշտարակ, բայց հնարավոր է շահագործման հանձնել 3 մ, 5 մ աշտարակներ: Գոնե այսպես մի փոքր կմեծացնենք մարզաձեւի աշխարհագրությունը Հայաստանում»: