ԱԲՈՎՅԱՆՆ ԱՌԱՆՑ «ԿՈՏԱՅՔԻ»
Աջակցիր «Ա1+»-ին
Տարիներ առաջ հայկական ֆուտբոլը դժվար էր պատկերացնել առանց Աբովյանի «Կոտայքի», սակայն արդեն 2 տարի է հեղինակավոր այս ակումբը չի գործում: Ակումբի գործադիր տնօրեն Կառլեն Թորոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս աշխատանքներ են կատարվում, որ թիմը վերադառնա մեծ ֆուտբոլ:
2005թ. «Կոտայքը» սկսեցին հովանավորել իրանական «Էսթեղլալ» ակումբի սեփականատերերը եւ անմիջապես թիմը վերանվանեց` դառնալով «Էսթեղլալ-Կոտայք»:
«Դառնալով ակումբի հովանավորներ իրանցիները պահանջ դրեցին, որ «Կոտայքը» վերանվանցի դառնալով «Էսթեղլալ Կոտայք»: Լինելով նաեւ Իրանի Ահավաս քաղաքում գործող «Էսթեղլալ» ակումբի սեփականատերերը, նրանք ցանկացան, որ այդ անունը առնչվի նաեւ հայկական թիմին»-նշեց Թորոսյանը:
Թվում էր` հանձինս պարսիկ գործարարների Աբովյանի թիմը լուրջ հովանավորներ ունեցավ, սակայն 2006թ. «Էսթեղլալ-Կոտայքը» ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվեց:
Մեծ պատմություն ունեցող այս ակումբի պարսիկ հովանավորները հայրենիքում քաղաքական խդնիրներ են ունեցել, որի պատճառով էլ դադարեցրել են ֆինանսավորումը:
«2006թ. Իրանում իշխանափոխություն եղավ: Նոր իշխանությունների հետ «Էսթեղլալի» սեփականատերեր եղբայրները տարաձայնություններ ունեին: Նրանցից մեկը հեռացավ արտասահման եւ քաղաքական այդ տարաձայնությունները ստիպեցին նրան հրաժարվել հայկական թիմի ֆինանսավորումից: Իրանի «Էսթեղլալ» թիմը եւս հայտնվեց ֆինանսական ճգնաժամի մեջ եւ ներկայումս էլ նախկին ուժը չունի», - ասաց Կառլեն Թորոսյանը:
«Կոտայքի» գործադիր տնօրենը հույս ունի, որ առաջիկայում Աբովյան քաղաքը կրկին իր թիմը կունենա Հայաստանի առաջնությունում .«Ակումբը իրավաբանական դեռ գոյություն ունի, պահպանում է կնիքը, հաշվետություն ներկայացնում: Այս տարիների ընթացքում տարբեր մարդկանց ենք դիմել, որ հնարավորության դեպքում ֆինանսավորեն թիմին: Այսօր միայն ֆինանսների կարիք կա, իսկ թիմ շատ արագությամբ կարելի հավաքագրել: Ակումբի նախագահ Մարտիրոս Խաչատրյանը ներկայումս Իրանում փորձում է նոր հովանավորներ փնտրել, բայց որքանով կհաջողվի` դժվար է ասել: Դա պարզ կլինի մինչեւ ամանոր: Եթե «Կոտայքը» վերակենդանանա, ապա կրկին Աբովյան քաղաքը կներկայացնի»: