ՊԵԼԵՆ ԵՎ ԷՅՍԵԲԻՈՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՎՐԱ
Աջակցիր «Ա1+»-ին
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդերներ Պելեն եւ Էյսեբիոն շուտով կլինեն հայկական դրամի վրա: Խոսքը ոչ թե ամենաօրյա օգտագործվող դրամի մասին է, այլ հատուկ հուշադրամների, որոնց պարբերաբար թողարկում է Հայաստանի Կենտրոնական բանկը:
Կենտրոնական բանկից «Ա1+»-ին հայտնեցին, որ առաջիկայում վաճառքում կլինեն ֆուտբոլի Արքա Պելեի, ինչպես նաեւ Պորտուգալիայի բոլոր ժամանակների լավագույն խաղացող Էյսեբիոյի դիմանկարներով 100 դրամանոց հուշադրամներ: Բնականաբար հարց է ծագում, թե ինչ կապ ունեն նախկինում հայտնի այս ֆուտբոլիսները Հայաստանի հետ: Կենտրոնական բանկից հայտնեցին, որ դա կատարվում է միջազգային ծրագրի շրջանակներում: Իրականացվում «Համաշխարհային ֆուտբոլի աստղերը» շարք, որը կլինի շարունակական եւ բացի վերը նշված աստղերից հետագայում նախատեսվում են վաճառքի հանել նաեւ այլ ֆուտբոլիստների հուշադրամներ:
Կոնկրետ Պելեի հուշադրամը կլինի արծաթից եւ կունենա 28 գրամ քաշ:Թեեւ հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, սակայն ենթադրվում է, որ այն գնելու համար ֆուտբոլի սիրահարները պետք է կվճարեն մոտ 18 հազար դրամ:
Ընդհանրապես` սպորտային հուշադրամներ Կենտրոնական բանկը առաջին անգամ չի թողարկում: 2006թ. ի հայտ եկավ շախմատի 37-րդ օլիմպիադայում Հայաստանի հաղթանակին նվիրված ոսկե հուշադրամը, որի անվանական արժեքն է 10 հազար դրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի խորհրդանշանը, իսկ դարձերեսին` «Հայաստանի ոսկե թիմ» մակագրությունն է եւ Հայաստանի տղամարդկանց թիմը ներկայացնող մարզիկների անուններն են` Լ. Արոնյան, Վ. Հակոբյան, Կ. Ասրյան, Գ. Սարգսյան, Ս. Լպուտյան, Ա. Մինասյան: Նույն թվականին թողարկվել է նաեւ ֆուտբոլի 2006թ. աշխարհի առաջնությանը նվիրված 100 դրամանոց արծաթե հուշադրամ: Եղել են նաեւ մարզական միջոցառումներին նվիրված բազմաթիվ այլ հուշադրամներ:
Հավանական է, որ հաջորդ տարի Կենտրոնական բանկը հուշադրամ թողարկի` նվիրված 2008թ. շախմատի օլիմպիադայում հաղթած Հայաստանի հավաքականին: