Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Սպորտ


Ավանդույթի համաձայն դեկտեմբերի վերջին հայտնի կդառնա Հայաստանի 2008թ. լավագույն ֆուտբոլիստի անունը: ՀՖՖ մամուլի քարտուղարությունն արդեն իսկ սկսել է հարցումը, որի արդյունքները պետք է հրապարակվեն տարեվերջյան մրցանակաբաշխության ընթացքում:


«Ա1+»-ը եւս մասնակցում է հարցմանը, սակայն վերջնական տարբերակ դեռ չի ներկայացրել:


Պետք է նշել, որ այս տարի լավագույն խաղացողների ընտրությունը բարդ է, քանի որ քչերը փայլեցին նախորդ առաջնությունում: Քվեաթերթիկում պետք է նշել 3 խաղացողների անուններ, սակայն մեր տեսադաշտում են 5 խաղացողներ, որոնք հավասարապես արժանի են լավագույնի կոչմանը.

1.

Հենրիխ Մխիթարյան, «Փյունիկ»


Մրցաշրջանի մեկնարկը այնքան էլ հաջող չէր Հենրիխի համար, սակայն աստիճանաբար երիտասարդ ֆուտբոլիստը լավ մարզավիճակ ձեռք բերեց եւ սկսեց արդյունավետ խաղ ցուցադրել չեմպիոնի կազմում: Մխիթարյանը դարձավ նաեւ «տարվա գոլի» հեղինակ` օգոստոսի 20-ին գրավելով Թուրքիայի երիտասարդական հավաքականի դարպասը: Խոսքը ոչ է թե գոլի գեղեցկության, այլ կարեւորության մասին է, քանի որ նրա այս գոլի շնորհիվ ողջ հայ ազգը հայտնվեց ցնծության մեջ: Որոշվում է 2008թ. Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի անունը, սակայն հնարավոր չէ շրջանցել նաեւ խաղացողների հավաքականներում ունեցած ելույթները:

2. Վահագն Մինասյան, «Արարատ»


Մոտ 2 տարի առաց այս խաղացողի մասին միայն ֆուտբոլային նեղ շրջանակներում էին տեղյակ: Մինասյանը մի խահ նույնիսկ մոտ էր ֆուտբոլը թողնելուն, բայց 2007-08թթ. Վահագնը ցույց տվեց, թե որքան մեծ պոտենցիալ ունի: «Արարատում» Մինասյանը հանդես եկավ դարբեր դիրքերում, տարբեր օղակներում եւ թիմի առանցքային խաղացողներից էր: Մի շարք կարեւոր գոլերի եւ փոխանցումների հեղինակ դարձավ: Թեեւ բարձրահասակ չէ, սակայն հիանալի է խաղում գլխով եւ գոլերի մեծ մասը հենց այդպես է խփել: Դարձավ նաեւ Հայաստանի հավաքականի 2008թ. պաշտոնական հանդիպումների միակ գոլի հեղինակը:

3. Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»


Հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդը ինչպես միշտ իր բարձրության վրա էր: 36-ամյա խաղացողը հանդես գալով աջ պաշտպանի դիրքում ավելի շատ ժամանակ մրցակցի կիսադաշտում էր անցկացնում: Օգտագործելով իր բարձր արագությունը Սարգիսը որպես կանոն միանում էր անհամետատ երիտասարդ խաղընկերների գրոհներին, հաճախ նաեւ ինքը լինում գրոհների նախաձեռնողը: Տարին Հովսեփյանի համար յուրահատուկ էր նաեւ նրանով, որ 100-րդ հանդիպումը անցկացրեց Հայաստանի հավաքականում: Սարգիսը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որին հաջողվեց հատել 100 խաղի սահմանագիծը: Ցուցանիշ, որը մոտ ապագայում չի գերազանցվի:

4. Մարկոս, «Արարատ»


Եթե նայենք նախորդ տարիների վիճակագրությանը, ապա առաջնության լավագույն ռմբարկուները գրեթե միշտ եղել են լավագույն եռյակում, բայց նախորդ տարի Մարկոսը նման բախտի չարժանացավ: Այս տարի եւս քիչ հավանական է, որ բրազիլացին լինի բարձր տեղերում, թեեւ լավ մրցաշրջան անցկացրեց եւ կրկին դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու: Մասնագետներից շատերի կարծիքով բրազիլացին հայկական ակումբներում երբեւէ հանդես եկած ամենաբարձրակարգ լեգեոներն է:

5. Ռենատո, «Արարատ»


Հիանալի մրցաշրջան անցկացրեց նաեւ «Արարատի» մեկ այլ բրազիլացի լեգեոներ Ռենատոն: Հատկապես առաջնության 2-րդ կեսում Ռենատոյի դերը «Արարատում» շատ մեծ էր, քանի որ վնասվածք էր ստացել փորձառու Արթուր Մինասյանը: Ունիվերսալ այս խաղացողը դարձավ մի շարք տպավորիչ գոլերի հեղինակ, որոնք թույլ տվեցին «Արարատին» չեմպիոնության համար պայքարել մինչեւ վերջ: