ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՈՈՒԻ
Աջակցիր «Ա1+»-ին
Սինխրոն լողը Հայաստանում շուրջ 40 տարվա պատմություն ունի, սակայն այսօր դժվար է գտնել 40 հոգու, որոնք զբաղվում են այս մարզաձեւով: Եզակի խմբակներից մեկը գործում է Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցում:
«Խորհրդային Հայաստանը բարձր մակարդակի սինխրոն լող ուներ, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո մարզաձեւի օջախները, որոշ ժամանակ դադարեցրին իրենց գոյությունը: Միայն 1995թ. վերսկսեցին ամեն ինչ զրոյից: Սկզբում ոչինչ չունեինք, որոշեց ժամանակ անց մեզ աջակցեց կենտրոնի այն ժամանակվա թաղապետը (Արարատ Զուրաբյանը, - խմբ), որը այս տարիների ընթացքում միակ մարդն է, ով ձեռք է մեկնել սինխրոբն լողին», - նշեց մարզադպրոցի փորձառու մարզիչ Գուլյա Նիկողոսյանը:
Ներկայումս մարզադպրոց հաճախում են 12 պատանի եւ դեռահաս աղջիկներ, սակայն հայտնի չէ, թե նրանցից քանիսը կշարունակեն զբաղվել մարզաձեւով. «Գալիս է մի տարիք, երբ աղջիկներից շատերը չեն շարունակում մարզումները: 15-ից բարձր մարզվողներ չունենք, քանի որ այդ տարիքից սկսած սկսում են մտածել ԲՈՒՀ ընդունվելու մասին, սկսում են հաճախել դասախոսների մոտ այս կամ այն առարկան սովորելու համար»:
«2000թ. մենք հյուրընկալվեցինք Վրաստանի հավաքականին եւ հաղթեցինք բոլոր համարներում: Դա մեծ ուրախություն էր մեզ համար, քանի որ Վրաստանը լավ ավանդույթներ ունի սինխրոն լողում: Հետագայում մասնակցել ենք նաեւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների: Վերջին տարիներին որեւէ միջազգային մրցաշարի չենք մասնակցել»,-ասաց նա:
Չմասնակցելու միակ պատճառը ֆինանսներն են. «Պետության կողմից մարզաձեւի նկատմամբ որեւէ աջակցություն չկա, թեեւ նախկինում կես միլիոն դրամ տրամադրում էին, բայց այժմ դա էլ չկա: Կոնկրետ մեր մարզադպրոցում սինխրոն լողը գոյատեւել է մարզադպրոցի տնօրեն Կարինե Համբարձումյանի աջակցության եւ ցանկության շնորհիվ»:
Ամեն դեպքում Գուլյա Նիկողոսյանի սաները պարտաճանաչ հաճախում են մարզումներին եւ արդեն որոշակի մակարդակի են հասել. «12 աղջիկներն էլ մեծ սիրով մարզվում են եւ պատրաստվում են ամանորյա ավանդական շոուին, որը կայանում է մեր լողավազանում եւ իր մեջ ընդգրկում է նաեւ սինխրոն լողը: Թերեւս մրցաշարերի բացակայության պայմաններում սա միակ միջոցառումն է, որտեղ երեխաները հնարավորություն են ունենում ցուցադրել իրենց կարողությունները»: