Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ ԿՄՆԱՆ «ԱՐԱՐԱՏՈՒՄ»

Սպորտ

Երեւանի «Արարատում» հանդես եկող բրազիլացիները կշարունակեն իրենց ելույթները Հայաստանի փոխչեմպիոնի կազմում: «Արարատից» հեռացել է միայն Էմիլյո Կալսանին, որը հիմնական կազմի խաղացող չէր: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ակումբի մամուլի քարտուղարությունում:

«Արարատում» առաջատար խաղացողներ են համարվում Մարկոս Պիզելին եւ Ռենատո Մորայրեսը, որոնք վերջին տարիներին մշտապես թիմի հիմնական կազմում են:

Մարկոսը Հայաստանի վերջին 2 առաջնությունների լավագույն ռմբարկուն է: 2008թ. առաջնությունում բրազիլացի հարձակվողը բաց չթողեց ոչ մի հանդիպում եւ խփեց 17 գնդակ: Հայկական թիմի կազմում ընդգրկված են նաեւ բրազիլացիների Ջուլիանո Խիմենեսը եւ Էնրիկե Ջեֆերսոնը, որոնք Հայաստան ժամանեցին ամռանը: Կարճ ժամանակում այս խաղացողները հայտնվեցին «Արարատի» հիմնական կազմում:

Ինչ վերաբերվում է Էմիլյո Կալսանիին, ապա նա հիմնականում դուրս էր գալիս փոխարինման: Էմիլյոյի պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավարտվել է եւ խաղացողի հետ նոր պայմանագիր չի կնքվել: Ներկայումս «Արարատի» բոլոր բրազիլացիները մեկնել են հայրենիք, անցկացնելու ձմեռային արձակուրդը, սակայն առաջիկայում վերադառնալու են Հայաստան:

Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ով է գլխավորելու «Արարատը» հաջորդ մրցաշրջանում: Ներկայիս գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի պայմանագրի ժամկետը ավարտվում է 2008թ. դեկտեմբերի 31-ին:

«Արարատի» ղեկավարները դեռ չեն որոշելու, թե արդյոք երկարաձգվելու է Սուքիասյանի հետ պայմանագիրը, թե՞ ոչ: Ամեն դեպքում ակումբի գլխավոր մենեջեր Վարուժան Սիմոնովը օրերս հայտարարել էր, որ Սուքիասյանի աշխատանքից ղեկավարությունը գոհ է: Ավելորդ չէ նշել, որ 2008թ. առաջնությունում 2-րդ տեղում հայտնված թիմը, մայիսին Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ նվաճել էր Հայաստանի գավաթը եւ ապահվել իր տեղը ՈՒԵՖԱ-ի գավաթի 2008-09թթ. խաղարկությունում:

Ի դեպ, հունվարին «Արարատը» հանդես կգա ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների միջեւ կայանալիք «Համագործակցության գավաթի» խաղարկությունում: Ավանդական այս մրցաշարի վիճակահանությունը պետք է կայանար երեկ Մոսկվայի «Ֆուտբոլի տանը», սակայն տեխնիկական պատճառներով արարողությունը մեկ շաբաթով հետաձգվել է եւ տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: