ՌՈԲԵՐՏԸ ԵԿԱՎ ՌՈՄԱՆԻ ՄՈՏ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողները շարունակում են փոխել ակումբները:
Հարձակվող Ռոբերտ Զեբելյանը որոշել է հեռանալ Կալինինգրադի «Բալթիկայից»: Հայ ֆուտբոլիստը հավանական է վերադառնա մերձմոսկովյան «Խիմկի», որտեղից էլ մեկնել էր Կալինինգրադ:
«Բալթիկայի» կազմում Զեբելյանը չկարողացավ ցույց տալ իր ողջ կարողությունները, իսկ թիմը անհաջող հանդես եկավ Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում` հերթական անգամ չկարողանալով նվաճել ուժեղագույնների խմբի ուղեգիր:
«Խիմկիում» հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը Ռուսաստանի 2008թ. առաջնությունում լավագույններից մեկն էր թիմի կազմում: Օրերս պաշտոնանկ է արվել «Խիմկիի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը:
Նախկինում հայտնի խաղացող, մայիսին գլխավորելով «Խմիկին», կարողացավ թիմին դուրս բերել վերջին հորիզոնականից: «Խիմկին» առաջնությունը ավարտեց 14-րդ հորիզոնականում եւ պահպանեց իր տեղը ուժեղագույնների խմբում:
Այժմ «Խիմկին» նոր մարզիչ է փնտրում, որի նշանակումից հետո էլ վերջնականապես պարզ կլինի, թե արդյոք Զեբելյանը մնալու է այս ակումբում, թե` ոչ:
ՄԵԼԻՔՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ՏԱՐԱԶՈՒՄ»
Երեւանի «Բանանցից» վերջերս հեռացած Եղիշե Մելիքյանը նոյեմբերին մեկնել էր Ղազախստան: Տեղի մի քանի թիմերից Մելիքյանը առաջարկներ ուներ եւ ըստ «Բանանցին» մոտ կանգնած աղբյուրի, Եղիշը հանդես կգա «Տարազում»: Տարազ քաղաքի համանուն թիմը մասնակցել է 2008թ. Ղազախստանի առաջին խմբի առաջնությանը եւ գրավել երկրորդ հորիզոնականը` իրավունք ստանալով կրկին հանդես գալ ուժեղագույնների պայքարում:
«Տարազը» Ղազախստանի ամենահարուստ պատմություն ունեցող թիմերից մեկն է 1996թ. երկրի չեմպիոնը, 2004թ. գավաթակիրը:
Մելքիյանից բացի թիմում ընդգրկված են եւս երկու լեգեոներներ, որոնց ներկայացնում են Ուկրաինան եւ Ուզբեկստանը:Եղիշե Մելիքյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում 29 հանդիպում է անցկացրել, արդեն արտասահմանում հանդես գալու մեծ փորձ ունի: Մելիքյանը 2002-06թթ. հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», ապա կես մրցաշրջան անցկացրել Ալչեւսկի «Ստալում»:
ԱՂՎԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Աղվան Մկրտչյանը հեռացել է Բելառուսի «Գոմելից»: Մկրտչյանը մասնակցեց Բելառուսի 2008թ. առաջնությանը եւ թիմի առանցքային խաղացողներից էր, սակայն որոշել է չերկարաձգել պայմանագիրը բելառուսական թիմի հետ: Հավանականությունը մեծ է, որ Մկրտչյանը ելույթները կշարունակի Երեւանի «Միկայում»: Ներկայումս «Միկան» մարզում է խորվաթ Իվո Շուշակը, որը փորձաշրջան է անցնում թիմում: Զուգահեռ «Միկան» ուժեղացնում է կազմը` հրավիրելով մի շարք փորձառու խաղացողների: Աղվան Մկրտչյանը մի քանի մրցաշրջան անցկացրել է նաեւ Երեւանի «Փյունիկում», որտեղ մի քանի անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն: Ամռանը հայ ֆուտբոլիստը մոտ էր հունական ՊԱՕԿ տեղափոխվելուն, սակայն վերջին պահին գործարքը ձախողվեց: