Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՖՐԻԿԱՑԻՆ ՆԵՂԱՑԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Էդել Ապուլա Բետեն սկանդալային հարցազրույց է տվել Փարիզի «Պարի Սեն Ժերմեն» ակումբի կայքին, նշելով, որ Հայաստանում իրեն խաբել են` համոզելով հանդես գալ ազգային հավաքականում:

Բետեն մի քանի տարի հանդես է եկել Երեւանի «Փյունիկում» եւ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Հենց այս ելույթների շնորհիվ նրան նկատել են Եվրոպայում եւ այժմ ազգությամբ կամերունցի դարպասապահը հանդես է գալիս հանրահայտ ՊՍԺ-ում:

«Ֆուտբոլային գործակալներից մեկը տարիներ առաջ ինձ առաջարկեց հանդես գալ Երեւանում` «Փյունիկի» կազմում: Նա նշեց, որ Հայաստանը գրեթե չի տարբերվում Ֆրանսիայից, գտնվում է Թուրքիայի հարեւանությամբ եւ բավական տաք է այնտեղ: Բայց երբ հայտնվեցի Հայաստանում, հիասթափվեցի, քանի որ այնտեղ շատ ցուրտ էր: Եղել է, երբ -14 աստիճանի պայմաններում ենք մարզվել», - ասել է սեւամորթ դարպասապահը, որը ծնվել եւ մեծացել է Կամերունում:

Հանդես գալով «Փյունիկում»` Բետեն հեշտությամբ ստացել է Հայաստանի քաղաքացիություն եւ հանդես եկել Հայաստանի տարբեր տարիքի հավաքականներում, իսկ 2004թ. Հայաստանի հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին Բետեին հրավիրեց ազգային թիմ, քանի որ Ռոման Բերեզովսկին վնասվածք ուներ, եւ հավաքականը դարպասապահին լուրջ խնդրի առջեւ էր կանգնել. «Ես երիտասարդ էի եւ միամիտ: Ինձ համոզեցին հանդես գալ Հայաստանի հավաքականում, ասելով որ ինձանով կհետաքրքրվեն եվրոպական ճանաչված թիմերը: Բայց դա տեղի չունեցավ, եւ ես ինձ խաբված եմ զգում: Ափսոսում եմ այդ ամենի համար, քանի որ ցանկանում եմ հանդես գալ Կամերունի հավաքականում»:

Բետեն հարցազրույցում նշել է, որ «Փյունիկը» 1 մլն եվրո է պահանջել իր տրանսֆերի համար եւ խոչընդոտել է ժամանակին տեղափոխվել ֆրանսիական «Բորդո»: 2006թ. Բետեն, ինչպես նաեւ նրա համերկրացի Կառլ Լոմբեն վերջնականապես լքեցին Հայաստանը` հայտնվելով Բուխարեստի «Ռապիդում»: Ներկայումս ֆուտբոլիստը դիմել է ՖԻՖԱ-ին, որպեսզի իրավունք ստանա հանդես գալ Կարեմունի հավաքականում: ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն` ֆուտբոլիստը մինչեւ 21-տարեկանը կարող է փոխել հավաքականը, իսկ երիտասարդական տարիքից դուրս գալու դեպքում նման իրավունք չունի: