ՕԼԻՄՊԻԱԴԱ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱՆԱՅՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս Դրեզդենում ավարտված շախմատի համաշխարհային Օլիմպիադայի արդյունքները կարող են վերանայվել:
Ուկրաինայի հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկը հրաժարվել է անցնել դոպինգ տեստ վերջին 11-րդ տուրի պարտիայից հետո: Արդյունքում հայտնի գրոսմայստերը կարող է որակազրկվել 2 տարով, իսկ Ուկրաինան կարող է զրկվել Գապրինդաշվիլիի գավաթից, որը ուկրաինացիներին տրվել է տղամարդկանց եւ կանանց արդյունքների գումարման արդյունքում:
Այս հաշվարկով Ուկրաինան առաջինն էր, իսկ Հայաստանը 2-րդը, քանի որ մեր տղամարդկանց հավաքականը 1-ին հորիզոնականն էր զբաղեցրել, իսկ կանանցը` 6-րդը: Ուկրաինայի որակազրկման դեպքում տղամարդկանց եւ կանանց արդյունքների գումարով Հայաստանը կդառնա առաջինը: Իվանչուկի հնարավոր որակազրկման մասին անձամբ հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՈՉ-ՈՔԻ
Շախմատի Հայաստանի եւ Հնդակաստանի երիտասարդական հավաքականների 2-րդ հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով: Չնայած գրանցվեց խաղաղ ելք, սակայն 4 խաղատախտակների վրա էլ արդյունավետ պարտիաներ անցկացվեցին: Զավեն Անդրեասյանը հաղթանակ տոնեց Գուպտայի նկատմամբ, սակայն 2-րդ խաղատախտակի վրա Հրանտ Մելքումյանը զիջեց Արունին եւ հաշիվը հավասարվեց: Ավետիք Գրիգորյանն էլ պարտվեց Ադհիբանին: Հայաստանին պարտությունից փրկեց Սամվել-Տեր Սահակյանը, որը հաղթեց Սեն Գուպտային: Գրանցված ոչ-ոքիից հետո 3:1 հաշվով առջեւում է Հնդկաստանի հավաքականը: Վերջին` 3-րդ պարտիայում մեր երիտասարդներին անհրաժեշտ է հաղթել` ընդհանուր հաշիվը հավասարեցնելու համար: