Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՈՐՁԻ ՊԱԿԱՍԸ ԶԳԱՑՎԵՑ ԴՐԵԶԴԵՆՈՒՄ»

Սպորտ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի հաղթանակը օլիմպիադայում ստվերում թողեց մեր կանանց հավաքականին, մինչդեռ մեր շախմատիստուհիները, գրավելով 6-րդ հորիզոնականը, 2 տեղով բարելավեցին իրենց արդյունքը նախորդ օլիմպիադայի համեմատ:

«Ես անձամբ գոհ եմ մեր հավաքականի ելույթից: Եթե մի փոքր հաջողակ լինեինք կարող էինք եւ մեդալով վերադառնալ: Պարզապես նախավերջին տուրում պարտվեցինք Լեհաստանի հավաքականին, այլապես այլ արդյունքով կվերադառնայիքն», -«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի հիմնական կազմի խաղացող Նելլի Աղինյանը:

Նախորդ օլիմպիադայում Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, բայց Աղինյանը գտնում է, որ այս 2 տարիների ընթացքում շատ բան էր փոխվել. «Մեր հավաքականի բոլոր անդամները իրենց անհատական վարկանիշում առաջընթաց էին ունեցել եւ պատահական չէր, որ մենք օլիմպիադայում վարկանիշով 6-րդն էինք: Բացի այդ, եթե նախորդ օլիմպիադայում հանդես էինք գալիս 3 խաղատախտակների վրա, ապա այս անգամ` 4: Շատերին թվում էր թե կզիջենք դիրքերը, բայց դեռեւս 2007թ. Եվրոպայի առաջնությունում գրավելով 3-րդ հորիզոնականը` ցույց էինք տվել, որ կարող ենք լավ արդյունքի հասնել»:

Վերջին տարիներին կանանց հավաքականը որպես կանոն աշխարհի ուժեղագույն 10 հավաքականների շարքում է: Գրանցված արդյունքները թույլ են տալիս հուսալ, որ հաջորդ օլիմպիադայում հայ շախմատիստուհիները պայքարելու են չեմպիոնության համար. «Կարող ենք եւ ավելի բարձր տեղերի համար պայքարել, քանի որ հաջորդ օլիմպիադայում ավելի փորձառու հավաքական կունենանք: Հայաստանի աշխարհագրական դիրքը ավելի սահմանափակ հնարավորություններ է ստեղծում միջազգային մրցաշարերի մասնակցելու համար: Առաջատար երկրների շախմատիստուհիները ավելի շատ են հանդես գալիս միջազգային մրցաշարերում, քան մենք: Փորձի պակասը օլիմպիադայում զգացվում էր», - նշեց Աղինյանը:

Օլիմպիադայում հաղթեց Վրաստանի կանանց ընտրանին, ինչը անակնկալ էր շատերի, այդ թվում նաեւ Նելլի համար. «Վրաստանը անակնկալ մատուցեց իր հաղթանակով: Սկզբում նրանք առաջատարների խմբում էին: Աստիճանաբար առաջ շարժվելով միայն վերջին տուրում Վրաստանը դարձավ չեմպիոն, այն էլ լրացուցիչ ցուցանիշենրով առաջ ացնելով Ուկրաինայից»:

Նելլի Աղինյանը ներկայումս փորձում է վերականգնել ուժերը, իսկ 2009թ. հագեցած խաղացանկ է սպասվում նրան. «Հունվարին` Հայաստանի առաջնություն, մարտին Եվրոպայի անհատական առաջնություն, հոկտեմբերին Եվրոպայի թիմային առաջնություն: Սրանք պաշտոնական մրցաշարերն են, իսկ ամառվա ընթացքում կփորձեմ մասնակցել եւս մի քանի անհատական մրցաշարերի»: