ՈՍԿԻՆ` ՍԵՅՐԱՆԻՆ, ԲՐՈՆԶԸ` ՄԻՀՐԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ընդամենը 1 բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիական Նիցա քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: Անրի Դելանի ավանդական հուշամրցաշարում հանդես են եկել առաջատար երկրների ներկայացուցիչները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաջողության է հասել միայն հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը: Միհրանը 66 կգ քաշայինների պայքարում նվաճել է բրոնզե մեդալ: Այս քաշային կարգում հաղթող է դարձել Սեյրան Սիմոնյանը, որը սակայն հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքով: Եզրափակիչում Սեյրանը առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցիչ Դարխան Բայխմեեւի նկատմամբ:
Թիմային հաշվարկում ամենահաջողը հանդես են եկել ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Միացյալ նահանգների հավաքականին հաջորդել են Ֆրանսիան եւ Ռուսաստանը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) պաշտոնական հրավեր է ուղարկել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի 8 լավագույն թիմերին, որոնք 2009թ. տարվա փետրվարի 20-21-ին պետք է վիճարկեն աշխարհի գավաթը: Հրավիրվածների թվում է նաեւ Հայաստանը, որը առաջին անգամ է նման իրավունքի արժանանում: Մեր ընտրանու մրցակիցները լինելու են Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Կուբան, Ղազախստանը, Հունգարիան եւ Ադրբեջանը:
2008թ. ընթացքում Հայաստանի հունա-հռոմեական ոճի հավաքականը 2 բրոնզե մեդալ է նվաճել օլիմպիական խաղերում, 1-ական ոսկե եւ արծաթե մեդալներ Եվրոպայի առաջնությունում: