ԶԱՅՐԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՐՈՆՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Դրեզդենում ավարտված օլիմպիադայից հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այս օրերին փորձում է հանգստանալ: Ընդամենը մեկ շաբաթ անց Լեւոնը մեկնելու է Չինաստան, որտեղ մասնակցելու է նոր սուպերմրցաշարի: Հայ շախմատիստը գտնում է, որ ներկայումս լավ մարզավիճակում է:
«Դրեզդենի օլիմպիադայում ավելի լավ հանդես եկա, քանի 2 տարի առաջ Թուրինում: Ավելի հավաքված եւ վստահ էի հանդես գալիս: Ընդհանուր առմամբ բոլոր պարտիաներում էլ լավ դիրքերում էի: Պարտվեցի միայն Գելֆանդին, սակայն այս պարտիայում եւս լավ դիրքում է, պարզապես հետագայում իրավիճակը խճճվեց»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լեւոն Արոնյանը:
Պարտվելով այս պարտիայում` Լեւոնը ռիսկի է դիմել Սերբիայի հետ մրցավեճում, որտեղ նրա մրցակիցը Իվան Իվանիսեվիչն էր. «Քանի որ պարտվել էի Գելֆանդին ցանկանում էի անպայման հաղթել, մի փոքր զայրացած էի: Ընդհանրապես շախմատում թիմային պայքարում հանդես գալը ավելի բարդ է: Անհատականում ավելի հանգիստ ես հանդես գալիս, իսկ թիմում արդեն պատասխանատվությունը ավելի է մեծանում, լարվածություն կա»:
Հայաստանի հավաքականը Դրեզդենում հաղթեց, իսկ ահա Հայաստանի չեմպիոն «Միկան», որի կազմում դարձյալ հանդես է գալիս Արոնյանը, ավելի վաղ Հունաստանում կայացած Եվրոպայի առաջնությունում ձախողվել էր:
Զուգահեռներ անցկացնելով այս 2 ելույթների միջեւ` գրոսմայստերը ասաց. «2 թիմերն էլ շատ ուժեղ են, բայց երբեք չես կարող ասել թե ինչպես կստացվի: «Միկայում» անհաջող հանդես եկավ Կառլսենը: Բայց հոգ չէ, կփորձենք հաջորդ տարի հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությունում, քանի որ «Միկան» իրոք ուժեղ թիմ է եւ կարող է լավ արդյունքի հասնել»: Հայաստանի հավաքականի կազմում Արոնյանը մշտապես հանդես էր գալիս առաջին խաղատախտակի վրա, իսկ ահա «Միկայում» Լեւոնը այդ տեղը զիջել էր Կառլսենին. «Վարկանիշով Կառլսենը ինձանից բարձր էր եւ անհամեստ քայլ կլիներ, եթե ես ասեցի, թե պետք է ես խաղամ առաջին խաղատախտակի վրա»:
Առջեւում Չինաստանում կայանալիք մրցաշարն է, որը մեկնարկում է դեկտեմբերի 10-ին: Արոնյանի մրցակիցները կլինեն 5 հայտնի գրոսմայստերներ:
Իսկ հունվարին հայ շախմատիստը հանդես կգա Վեյկ ան Զեեւի ավանդական սուպերմրցաշարում: