ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉԷԻՆ ԵԿԵԼ ՖՈՒՏԲՈԼ
Աջակցիր «Ա1+»-ին
Ոստիկանության աշխատակիցների բացակայության պատճառով ֆուտզալի Հայաստանի առաջնության «Արսենալ ՆՆ»-«Թալ Գրիգ» հանդիպումը չի կայացել: Առաջնության կանոնակարգի համաձայն հյուրընկալող կողմը պարտավոր է ապահովել խաղի անվտանգությունը, ինչը տեղի չի ունեցել:
Տեղի ունեցած կքննարկի կարգապահական կոմիտեն եւ հավանական է, որ տանտերերին պարտություն գրանցվի: 4-րդ տուրի այս մրցավեճը կենտրոնական էր, քանի որ մինչ այս թիմերը գտնվում էին մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում:
Տուրի մյուս 3 հանդիպումներին ոստիկանների ներկայությունը ապահովվել է եւ գրանցվել են խոշոր հաշվիներ: Ետնապահ «Ավանը» սեփական հարկի տակ 4:8 հաշվով զիջեց «Հրազդանին»: Հյուրերի կազմում 3 գոլի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Վանիկ Ղազարյանը, որը 12 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Չեմպիոն «Պոլիտեխնիկը» 11:2 հաշվով ջախջախեց «Եվրոպային»: Տանտերերի կազմում միանգամից 5 գոլի հեղինակ դարձավ Կարեն Միքաելյանը: 2 անգամ աչքի ընկավ փորձառու Գեղամ Եդիգարյանը:
Գոլառատ պայքարում ընթացավ նաեւ «Ռեմա»-«Գյումրի» մրցավեճը: Գյումրեցիները իրենց առաջին հաղթանակը տոնեցին` առավելության հասնելով 7:5 հաշվով:
Առաջնության ֆավորիտների շարքին դասվող «Էրեբունին» այս տուրում հանգստանում էր: