ՕԼԻՄՊԻԱԴԱ. ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՄ ՈՉԻՆՉ
Աջակցիր «Ա1+»-ին
Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին 11-րդ տուրում Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է հաղթել Չինաստանի ընտրանուն: Վաղը կայանալիք մրցավեճում հայ շախմատիստները դրական արդյունքի դեպքում 2-րդ անգամ կդառնան օլիմպիադայի հաղթող:
Իսկ ահա պարտվելով` Հայաստանը կարող է ընդհանրապես զրկվել մեդալից: 10-րդ տուրից հետո Հայաստանը վաստակել է 17 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Ուկրաինայի հավաքականը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստները առաջին հորիզոնականում են:
Վաղը կայանալիք Չինաստան-Հայաստան մրցավեճում բուքմեյքերները կողմերի հնարավարությունները հավասար են գնահատել: Հայաստանի հաղթանակի համար սահմանվել է 2.65 գործակից: Նույնքան գործակից է սահմանվել նաեւ չինացիների հաղթանակի վրա, իսկ ոչ-ոքիի վրա խաղադրույք է ընդունվում 2.90 գործակցով:
Զուգահեռաբար Ուկրաինայի հավաքականը մրցելու է ԱՄՆ-ի հետ: Այստեղ ֆավորիտը Ուկրաինան է, որի հաղթանակի գործակիցը 2.10:
Ուկրաինացիներին վերջին տուրում անհամեմատ հեշտ մրցակից է բաժին հասել: Բավական է նշել, որ Չինաստանը վարկանիշով 3-րդն է մրցաշարում, իսկ ԱՄՆ-ն` 10-րդը: Հայաստանի հետ մրցավեճում հաղթանակ է անհրաժեշտ նաեւ չինացիներին, որոնց 16 միավորով ընթանում են 4-րդ հորիզոնականում:
Կանանց Հայաստանի հավաքականը գործնականում զրկվել է մրցանակին տեղ գրավելու հնարավորությունից: Վաղը Հայաստանի մրցակիցը կլինի Հնդկաստանը, որին հաղթելու դեպքում մեր շախմատիստուհիները լավագույն հնգյակում հայտնվելու հնարավորություն կստանան: Ներկայումս Հայաստանը 14 միավորով 8-րդ հորիզոնականում է: Նախորդ օլիմպիադյում եւս Հայաստանը գրավեց 8-րդ տեղը, բայց այս անգամ մեր թիմը իր վարկանիշով 6-րդն է եւ հավակնում է ավելի բարձր տեղի:
Հայաստան-Հնդկաստան մրցամարտում բուքմեյքերները ֆավորիտ են համարում հայ շախմատիստուհիներին, որոնց հաղթանակի համար սահմանվել է 2.10 գործակից: Հնդիկների հաղթանակի վրա խաղադրույք է ընդունվում 3.30 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 2.90 գործակից: Անցկացրած 10 հանդիպումներից 7-ում Հայաստանը հաղթել է մրցակիցներին, 3-ում` պարտվել: Կանանց պայքարում մրցաշարային աղյուսակը 17 միավորով գլխավորում է Լեհաստանի հավաքականը: