ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայի թիվ 1 թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 10 հազար ԱՄՆ դոլար տուգանք կվճարի: Դեվիսի գավաթ խաղարկության եզրափակիչի զուգախաղերում 26-ամյա արգենտինահայ թենիսիստը անհաջող հանդես եկավ, որից հետո չէր ցանկացել ներկայանալ մամուլի ասուլիսին: Կազմակերպիչները ասուլիսից բացակայելու համար Դավիթին տուգանել են 10 հազար դոլարով:
Արգենտինայի հավաքականի ավագ Ալբերտո Մանսինին, բացատրելով կատարվածը, հայտարարել է, որ Նալբանդյանը ասուլիսից բացակայել է, քանի որ ինքնազգացողությունը վատ է եղել: Սակայն այս փաստարկը համոզիչ չի եղել եւ թենիսիստին չի փրկել խոշոր տուգանքից:
Դեվիսի գավաթի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Իսպանիային: 3-րդ հաղթանակը հեղինակավոր այս մրցաշարում Իսպանիային բերեց Ֆեռնանդո Վերդասկոն, որ 4-րդ մրցամարտում 6:3, 6:7, 4:6, 6:3, 6:1, հաշվով առավելության հասավ Խոսե Ակասուսոյի նկատմամբ: Մինչ այս արգենտինացիների համար առաջին միավորը վաստակել էր Դավիթ Նալբանդյանը` հաղթելով Դավիթ Ֆերերին: Ֆելիցիանո Լոպեսը հաջորդ մրցամարտում հավասարացրել էր հաշիվը` պարտության մատնելով Խուան Մարտին դել Պոտրոյին: Զուգախաղերում Լոպեսը եւ Վերդասկոն առավելության հասան Կալյերի-Նալբանդյան զույգի նկատմամբ: Նախկինում իսպանացիները հաջողության էին հասել 2000 եւ 2004թթ.: