Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Սպորտ


Հայ ֆուտբոլասերները կրկին բաց նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին` խնդրելով նրա միջամտությունը Հայաստանում ֆուտբոլը վերջնական փլուզումից փրկելու համար:


Ֆուտբոլասերները նամակում իրենց դժգոհությունն են հայտնում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործունեությունից:


Նամակում մասնավորապես ասված է, որ 2002թ.-ից գլխավորելով ՀՖՖ-ն, Ռուբեն Հայրապետյանը սկզբում որոշակի հաջողությունների է հասել, սակայն աստիճանաբար ի հայտ են եկել բացասակայն երեւույթներ:


«Առաջին բախումը «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ էր, որից հետո հետեւեց նշված ակումբի որակազրկումը Հայաստանի առաջնությունից»,-նշված է նամակում:


Բացի «Արարատի» հետ տեղի ունեցածը ֆուտբոլասերները ընդգծել են նաեւ այլ երեւույթներ. «Բազմաթիվ հերյուրանքները նախկինում վաստակավոր ֆուտբոլիստների, ներկա ֆուտբոլիստների, արտասահմանյան մարզիչների հասցեին, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի խայտառակ եւ անպատվաբեր փախուստը ադրբեջանական «Նեֆթչիի» հետ հանդիպումից եւ բազմաթիվ այլ կարգի բացասական երեւույթներ ստիպում են մեզ դիմելու ձեր օգնությանը»:


Ֆուտբոլի սիրահարները նաեւ վիճակագրկան փաստեր են բերել. «1 Հաղթանակ, 4 ոչ ոքի, 28 պարտություն, գնդակների տարբերություն՝ 18 (խփված)-110(բաց թողած): Սա մեր ֆուտբոլի ողբերգական արդյունքներն են 2008 թվականին կայացած բոլոր տարիքի եւ սեռի, հավաքականների եւ ակումբների կայացած մրցաշարերում»:


Ֆուտբոլասերների համբերության սահմանը հատել է Հայաստանի առաջնության «Փյունիկ»-«Արարատ» ոսկե հանդիպման շուրջ ծավալված իրադարձությունները. «Այն ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի առաջնության «ոսկե» հանդիպումից առաջ եւ հանդիպման ընթացքում, վերջնականապես բացահայտեց մեր ֆուտբոլի ֆեդերացիայի՝ հանձինս նախագահ Ռուբեն Հայրապետյանի իրական նպատակներն ու գաղափարախոսությունը հայկական ֆուտբոլի նկատմամբ: Յուրաքանչյուր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ վաղուց արդեն ինքնակամ հեռացած կլիներ իր պաշտոնից այսպիսի արդյունքների եւ սկանդալների դեպքում»:


«Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում նշանակելու մեկ այլ անձնավորության, որը բարձր է դասում մեր ֆուտբոլի շահերը իր անձնական շահերից,ունի բավարար գիտելիքներ տվյալ բնագավառում եւ պատրաստ է լրագրողների եւ երկրպագուների հետ միասին մեր — ձեր սիրելի խաղը հասցնել նոր բարձրունքների »,-ասված է Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում:


Ի դեպ, հոկտեմբերի 30-ին Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիս էր տվել, որում հայտարարել էր.«Եթե մեր ժողովուրդը ցանկանում է, որ ես հեռանամ, ես նույն րոպեին հրաժարականի դիմում կներկայացնեմ»: