ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՐԱՅԵԼԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականն այսօր մրցում էր Իսրայելի հավաքականի հետ: 9-րդ տուրի այս մրցավեճում մերոնք պարտվեցին 1.5:2.5 հաշվով: Կանանց Հայաստանի հավաքականը հաղթել է Արգենտինային 3.5:0.5 հաշվով:
Առաջինն ավարտվեց Տիգրան Պետրոսյան-Մաքսիմ Ռոդշտեյն պարտիան: Հայ շախմատիստը պարտվեց այս մրցամարտում: Որոշ ժամանակ անց զիջեց նաեւ Լեւոն Արոնյանը, որն առաջին խաղատախտակի վրա մրցում էր Բորիս Գելֆանդի հետ: Հայաստանին առաջին միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը, որը հաղթեց Բորիս Ավրուխին: Սարգսյանը 9 հանդիպումներում 8 միավոր է վաստակել: Վլադիմիր Հակոբյանը կես միավոր վաստակեց Մայքլ Ռոյզի հետ մրցամարտում:
Հայաստանը կրած պարտությունից հետո թույլ տվեց Իսրայելին 16 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Վաղը կայանալիք 10-րդ տուրում Հայաստանի մրցակիցը ամենայն հավանականությամբ կլինի Սերբիայի հավաքականը: Սերբերը այսօր 2.5:1.5 հաշվով հաղթել են Ադրբեջանին:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐԳԵՆՏԻՆԱ 3.5:0.5
Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը այսօր Արգենտինայի հավաքականն էր: Մեր շախմատիստուհիները առավելության հասան խոշոր 3.5:0.5 հաշվով: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Կարոլինա Լույանի հետ: 2-րդ խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Կլաուդիա Ամուրային: Նելլի Աղիյանը 3-րդում առավելության հասավ Մարիա Պլազոլայի նկատմամբ, իսկ Լիլիթ Գալոյանը հաղթեց Ստեֆանյե Ամեդին: