Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԹՈՒՐԸ ՄՈՏ ԷՐ ՄԵԴԱԼԻՆ

Սպորտ


Հայ ձյուդոիստները այսօր սկսեցին իրենց ելույթները Զագրեբում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Առաջնության առաջին իսկ օրը կարող էինք մեդալ ունենալ:


Կանանց պայքարում Անուշ Հակոբյանը առաջին անգամ նման խոշոր մրցաշարում հանդես եկավ 57 կգ քաշային կարգում: Մինչ այս 52 կգ քաշայինների պայքարում ելույթ ունեցած Անուշը պարտվեց առաջին իսկ մրցամարտում` զիջելով Հոլանդիայի ներկայացուցիչ Միշել Դիեմիրիին:


Տղամարդկանց պայքարում առաջինը ասպարեզ դուրս եկավ 60 կգ քաշային Արթուր Սրապյանը, որն առաջին մրցամարտում առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ Մարցին Իրեկի նկատմամբ: Սրապյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեզ պարտվեց չեխ Պավել Պետրիկովին: Սակայն Սրապյանը դեռ շարունակում է պայքարը բրոնզե մեդալների համար: Բելառուսի ներկայացուցիչ Կիրիլ Հուբիչին հաղթելով` Արթուրը բրոնզե մեդալ նվաճելու ռեալ հնարավորություն ստացավ, սակայն վճռորոշ մրցամարտում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուրադ Աբդուլաեւին:


66 կգ քաշայինների պայքարում հաջող սկսեց պայքարը Համբարձում Տոնոյանը: Նախնական փուլում Համբարձումը պայքարից դուրս թողեց գերմանացի Ֆիլիպ Դանին, ապա առավելության հասավ ուկրաինացի Սերխի Դրեբոտի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Տոնոյանը զիջեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էմիլ Հասանովին:


Հայաստանի ներկայացուցիչը իրավունք ստացավ պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար, սակայն այստեղ պարտվեց իսպանացի Դավիթ Ռամիրեսին: Համբարձում Տոնոյանը այս քաշային կարգում գրավեց 9-րդ հորիզոնականը:


Վաղը պայքարի մեջ կմտնեն 73կգ քաշայինները, որտեղ Ռոբերտ Վարդանյանի մրցակիցը կլինի բելառուս Ալեքսեյ Շատուշին: 90 կգ քաշայինների պայքարում Հակոբ Առաքելյանը կհանդիպի Ռուսաստանի ներկայացուցիչ Զաֆար Մախմադովին:


Առաջնությանը մասնակցում են 42 երկրների 326 ձյուդոիստներ: