ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶԻՉԸ` «ՄԻԿԱՅՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ին
Վրաստանի հավաքականի նախկին մարզիչ Իվո Շուշակը նոյեմբերի 26-ին կժամանի Երեւան: 62-ամյա մասնագետը պատրաստվում է պայմանագիր կնքել Երեւանի «Միկայի» հետ: Վերջին շրջանում «Միկան» բանակցում էր խորվաթ հայտնի մասնագետի հետ, եւ Երեւանում ամենայն հավանականությամբ Շուշակը պաշտոնապես պայմանագիր կկքնի հայկական թիմի հետ:
Վերջին տարիներին հայկական թիմերը բազմիցս դիմել են արտասահմանցի մարզիչների օգնությանը, սակայն նման հայտնի մասնագետ Հայաստանում դեռեւս չի աշխատել: Շուշակը բացի Վրաստանի հավաքականը գլխավորելուց, աշխատել է նաեւ Թբիլիսիի «Դինամոյում», ինչպես նաեւ մի շարք խորվաթական եւ սլովենական թիմերում:
«Միկան» արդեն 1 տարվա պայմանագիր է կնքել Կոտ դԻվուարի երիտասարդական հավաքականի 19-ամյա հարձակվող Բոտի Դեմելեն, որը հանդես գալով պորտուգալական «Բենֆիկայի» երկրորդ կազմում` 19 գոլ է խփել 23 հանդիպումներում:
«Միկայի» գլխավոր քարտուղար Արմեն Պետիկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ առաջիկայում թիմը կհամալրեն մի շարք այլ ֆուտբոլիստներ, որոնց թվում նաեւ լեգեոներներ: Ներկայումս ակումբը բանակցում է արտասահմանցի խաղացողների գործակալների հետ:
Առաջիկայում փոփոխություններ են սպասվում նաեւ մյուս հայկական թիմերում: Մի շարք ֆուտբոլիստների ժամկետներ ավարտվել են: Մասնավորապես Հայաստանի հավաքականի թեկնածուներ Եղիշե Մելիքյանը եւ Ռոմիկ Խաչատրյանը ներկայումս նոր թիմերի փնտրտուքով են զբաղված: Փորձառու այս խաղացողները հանդես էին գալիս «Բանանցում»:
Շուտով ավարտվում է նաեւ Արամ Հակոբյանի պայմանագիրը «Ուլիսի» հետ եւ առայժմ հայտնի չէ, թե արդյոք ակումբը երկարաձգելու է պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հետ: